Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այս օրերին Վայոց ձորի մի գյուղախմբի պատմական հուշարձաններին նվիրված պրակի պատրաստման շրջանակներում առիթ ունեցա մշակել Սալլի գյուղին մերձ Մամասի վանքին վերաբերող նյութերը: Այստեղ գլխավորը մասամբ տեղում, մասամբ էլ ցաք ու ցրիվ եղած բեկորներին պահպանված բավական հետաքրքրական շինարարական արձանագրությունն է, որի ամբողջական վերծանությունը հետևյալն է. «Ի ժամանակին յորում ել զաւրն պարսից յաշխարհս հայոց եւ զբազում գաւառս աւերեաց եւ բազում արիւն հեղին զանմեղաց եւ զայլսն գերեցին, ընդ որս եւ զհայր Պաւղոս զպատուական քահանայն, զսնուցիչն իմ սպանին. եւ մեք որբ մնալով` փոքր մի խաղաղանալ երկրիս` ես Սէթս, քրոջ որդի Պաւղոսի, շինեցի զեկեղեցիքս յանուն նորա, բարեխաւս նորա եւ մեր. եւ ընծա յԱռփի զծաղկելոյն այգին գնեցի եւ տուի սբ. Մամասայ եւ գրեցաք ի տարում Դ (4) աւր ժամ Պետրոսի եւ Պաւղոսի տաւնին, Բ (2) աւր Պաւղոսի, Ա (1) Սէթին, Ա (1) Խալինարին. հակառակորդքն ՅՃԺԸ (319) հայրապետացն նզովին եւ առաջի Քրիստոսի մեր մեղացս տէր է»:
Հասկանալի է, որ հայոց բազում գավառներ ավերած պարսից զորք ասելով նկատի է առնվել Ջալալեդինի 1224թ. կատարած արշավանքը: Անձամբ ինձ հետաքրքրողն այստեղ այն է, որ Զաքարյան իշխանապետության օրոք, երբ հայաշխարհն ապրեց խաղաղ երկու տասնամյակ, այդ ընթացքում մեր իշխանները ոչ թե կենտրոնացան երկրի պաշտպանությունն ամրապնդելու խնդիրներին, այլ իրենց նյութական ռեսուրսներն ուղղեցին վանքաշինության և եկեղեցաշինության նպատակին: Արդյունքում` 1224-ին Ջալալեդինը մեր երկրում արեց այն, ինչ ուզեց: Երբ ավերի այս ալիքն անցավ, ինչպես վկայում է արշավանքի ժամանակ սպանված Պողոս քահանայի քրոջորդի Սեթը` օգտվելով «փոքր մի խաղաղանալ երկրիս» կացությունից անմիջապես սկսում է եկեղեցիներ կառուցել «շինեցի զեկեղեցիքս»… Եվ այսպես դարեր շարունակ ու ամեն անգամ հերթական թշնամու առջև նույնքան անպատրաստ ու անպաշտպան, որքան նախորդիվ: Դե` պաշտպանությունն ամրապնդելու մասին մտածելու ժամանակ չկար, ախր խիստ զբաղված էինք վանք-եկեղեցի կառուցելով… 1994-ի զինադադարից հետո գործարարությամբ (կամ երկրի թալանով) հարստացած անձերն սկսեցին յուրաքանչյուրը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ եկեղեցիներ կառուցել ու երբ եկավ երկրի պաշտպանությունից քննություն հանձնելու պահը պարզվեց, որ 2016-ին մեր երեխեքը կռվում էին 1980-ականների զենքերով…
Ուշագրավ է, նաև որ մերօրյա եկեղեցիները բազմացան երկրում խորացող թալանի և պետական պարտքի աճին զուգընթաց… Ստացվում է, որքան շատ պետությունը քայքայող սրիկայություններ, ավազակություններ, աղքատություն, այնքան շատ եկեղեցի, իսկ հարկավոր զենքը փորձում ենք գնել վարկով… Սա ի՞նչ անօրինակ օրինաչափություն է: Լսե՛ք, ա՛յ անդեմ սրիկաներ, չլինի՞ թե էլի հույսներդ դրել եք այն մի քանի հարյուր կամ այս անգամ թերևս մի քանի հազար մատաղացու երեխեքի վրա: Չէ՞ որ նրանցից հետո հերթը ձեզ է հասնելու` եկեղեցի կառուցող վիժվածքներ… Այս անհույս գրությանս կցում եմ Մամասավանքի վերոնշյալ արձանագրության գրչանկարը»։