«Գրիշա, դուխով»․ երիտասարդ հայը Ռուսաստանում թոշակառուի է փրկել ու համացանցի հերոս դարձել. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Գրիշա, դուխով»․ երիտասարդ հայը Ռուսաստանում թոշակառուի է փրկել ու համացանցի հերոս դարձել. armeniasputnik.am

Մարդիկ հիացական մեկնաբանություններ են գրել հայ երիտասարդի մասին, բայց ոմանք չեն թաքցրել նաև մտավախությունները։

Սոցցանցերի հայկական և ռուսական հարթակներում քննարկման թեմա է դարձել Կալուգայի մարզի Մոլյարոսլավեց քաղաքում բնակվող հայ երիտասարդի հերոսական արարքը․ Գրիշա Պետրոսյանը թոշակառուի է փրկել։

Ավելի վաղ «Նեդելյա Օբնինսկա» թերթը գրել էր այս դեպքի մասին։ 68 տարեկան թոշակառուն քաղաքում զբոսնելիս է եղել, երբ նրան մոտեցել է մոտ 25 տարեկան երիտասարդ` ոչ սթափ վիճակում։ Սկսել է գոռգոռալ, հետո հրել է թոշակառուին։ Տարեց տղամարդը փորձել է հանգստացնել նրան, բայց անծանոթը երեք անգամ դանակով հարվածել է ծերունուն։

Այդ տարածքում գտնվող վարսավիրանոցի աշխատակից Գրիշա Պետրոսյանը հենց այդ պահին դուրս է եկել ծխելու, տեսել է , որ ինչ–որ կանայք փորձում են խանգարել չարագործին։ Լսելով օգնության ճիչերը՝ Գրիշա Պետրոսյանը մոտեցել ու հարցրել է՝ ով է սա արել։ Դանակահարողը հարձակվել է նաև նրա վրա, իսկ հետո փորձել է թաքնվել։ Գրիշա Պետրոսյանը հանել է բաճկոնն ու վազել հետևից։ Երբ հասել է չարագործին, կռիվ է սկսվել, ու Գրիշան ստիպված է եղել կիրառել բռնցքամարտիկի ունակությունները (նա մի քանի տարի զբաղվել է մարտարվեստով)։

Շուտով դեպքի վայր են հասել իրավապահներն ու ձերբակալել չարագործին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ» հոդվածով։ Տուժած թոշակառուին հիվանդանոց են տեղափոխել ու վիրահատել, տարեց տղամարդու վիճակը ծանր է։

Ականատեսների կարծիքով` եթե չլիներ Գրիշա Պետրոսյանը, թոշակառուի կյանքը չէր հաջողվի փրկել։ Գրիշան իրեն հերոս չի համարում։ Թերթը գրում է, որ իշխանությունը Գրիշա Պետրոսյանին հաստատ կպարգևատրի մեդալով ու դիպլոմով։

«Հերոսները մեր մեջ են։ Այս տղայի անունը Գրիշա Պետրոսյան է, ու նա փրկել է պապիկին, որին տանջել է երիտասարդ թմրամոլը։ Գրիշան կես ժամ շարունակ պայքարել է, մինչև ոստիկանները տեղ են հասել», – նշվում է «ВКонтакте» սոցցանցի «Обнинск.Name» էջում։

Հարցաքննման ու ցուցմունքների ընթացքում ձերբակալվածը խոստովանել է իր արարքը, բայց չի զղջացել։

Մարդիկ կարդացել են այս դեպքի մասին և երախտագիտության ու հիացմունքի խոսքեր ուղղել հայ տղային։ Սակայն ոմանք ենթադրել են, որ նրա «վերջն էլ լավ չի լինի»։

«Իմանալով մեր օրենսդրությունը՝ հուսամ, որ Գրիշային թմրամոլից ավելի երկար ժամկետ չեն տա։ Տղայի վերջն եկել է։ Հիմա նրան կստիպեն թմրամոլի բնակարանը վերանորոգել կամ մինչև կյանքի վերջը պահել։ Իսկ թմրամոլին, իհարկե, բան չեն անի», – գրել է Արսենի Իվանովը։ Շատերը համաձայնել են նրա հետ։

«Կեցցե տղան։ Գրիգոր, շատ լավ տղա ես։ Դեռ տղամարդիկ մնացել են։ Աստված քեզ ու քո մտերիմներին առողջություն տա։ Երանի նման տղաները շատ լինեին։ Իսկական տղամարդու են դաստիարակել։ Իսկ մեր խիզախ ոստիկանությունը վերջն է։ Կես ժամ գալի՞ս էին», – գրել են համացանցի ակտիվիստները։

Ոմանք ենթադրել են, որ Գրիշայի սրտին տիրանալու համար հիմա իսկական պատերազմ կսկսվի։ Իսկ Միխայիլ Սահակյանը սատարել է հայրենակցին․ «Կեցցես, Պետրոսյան, դուխով»։

armeniasputnik.am