Փարիզը կարելի է պաշտել, Ֆրանսիայով՝ հիանալ։ Բայց սա այն դեպքում, երբ զբոսաշրջիկ ես ու ամեն ինչին վարդագույն ակնոցով ես նայում։ Հեռավոր 1990 թվականին խորհրդային Հայաստանից մեկնած Նառա Նոյանի համար Ֆրանսիան «սառը ջունգլի» է թվացել։
Ավելի ուշ Նոյանը դարձել է հայտնի երգչուհի, կոմպոզիտոր, դերասանուհի, ծանոթացել է Շառլ Ազնավուրի հետ։ Բայց ամեն ինչի մասին` հերթով։
Նոյանի հետ ծանոթացանք Երևանում։ Նա եկել է հայ–ֆրանսիական գրական–երաժշտական երեկոյի մասնակցելու։
«Առաջին անգամ Փարիզ գնացի 1989 թվականին, երկրորդ անգամ՝ 1990 թվականի դեկտեմբերի 27-ին։ Վերջին այցս որոշիչ եղավ», – ասաց Նոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Այնպես ստացվեց, որ նա Ֆրանսիայում հայտնվեց հենց Խորհրդային Միության տապալման պահին ու դարձավ ապատրիդ՝ մարդ` առանց անձնագրի, առանց քաղաքացիության, առանց հայրենիքի։ Ասում է` փորձում էր գոնե ինչ-որ թուղթ ստանալ, որ Հայաստան վերադառնար, բայց չկարողացավ։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան հիանալի երկիր է, Փարիզը` հիասքանչ քաղաք, քանի դեռ զբոսաշրջիկ ես։ Հայաստանում մեծացած մարդու համար, որը գիտի՝ ինչ է հարևանը, բարեկամությունը, ընկերությունը, ջերմությունը, բավականին դժվար է նման երկրում ապրել։
«Ես ընկա ջունգլի, որտեղ ամեն մեկն իր գլխի տերն է։ Մեկնեցի ջերմ երկրից ու ընկա սառը երկիր։ Ինձ համար տարօրինակ էր, երբ հարևանը հարևանին չէր բարևում», – խոստովանում է երգչուհին։
Ցնցվել է հարևանի հետ կապված պատմությունից։ Հարևանը մահացել է, բայց այդ մասին իմացել են միայն մեկ շաբաթ անց։ Պատճառն էլ այն է եղել, որ մյուս հարևանը նյարդայնացել է հեռուստացույցի ձայնից ու ոստիկանություն է կանչել։
Նոյանն ասում է՝ Փարիզ էր մեկնել վերադառնալու ակնկալիքով։ Խորհրդային Միությունում նրան լուրջ կարիերա էր սպասում, արդեն հասցրել էր նկարահանվել ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ» ֆիլմում, հրավեր էր ստացել Կիևից։
«Իսկ ես փաստորեն բանտում հայտնվեցի։ Հաճախ էի ինքս ինձ հարցնում՝ ում եմ պետք այստեղ` առանց ֆրանսերենի իմացության։ Ես իրատես մարդ եմ ու գիտեմ, որ պետք է սարեր շրջել, եթե ուզում ես որևէ բանի հասնել», – ասում է Նոյանը։
Երգչուհին նշում է, որ ապատրիդները չէին կարող հինգ տարի լքել երկիրը. իրավունք չունեին։ Այդ կարգավիճակից ազատվելու և քաղաքացիություն ստանալու համար նա ամուսնացավ իր ընկերոջ հետ։
Մինչ սիրելի գործով զբաղվելը Նոյանը ստիպված էր թարգմանիչ աշխատել դատարաններում ու ոստիկանական տեղամասերում։ Ծանր պահերին օգնում էր երաժշտությունը, որը միշտ նրա հետ էր։ Հենց երաժշտությունն էլ նրան ծանոթացրեց Շառլ Ազնավուրի հետ։
Ի սկզբանե Նառան երգում ու ելույթ էր ունենում միայն հայերեն։ Կարծում էր, որ իր ֆրանսերենը բավականաչափ լավը չէ Ազնավուրի, Պիաֆի նման հսկաների ստեղծագործությունները երգելու համար։
Հինգերորդ ձայնասկավառակի ձայնագրությունից առաջ նա իր ստեղծագործություններից որոշ բաներ ցույց տվեց ընկերներին։ Այդ ձայնագրությունների շարքում կային նաև Ազնավուրի երգերը, որոնք նա բացառապես «իր համար» էր ձայնագրել։ Սակայն ընկերները պնդեցին, որ դրանք ուղարկի Ազնավուրին։
«Ես ընդդիմանում էի, ասում էի, որ չեմ համարձակվի Ազնավուր երգել։ Սակայն ավելի ուշ երկու երգ ուղարկեցի, դրանցից մեկը Hier Encore-ն էր», – հիշում է Նոյանը։
Ազնավուրը ոչ միայն հավանություն տվեց, այլև կապ հաստատեց երգչուհու հետ։ Պայմանավորվեցին, որ երբ Նոյանը ձայնագրի ձայնասկավառակը, որում ներառված է լինելու Ազնավուրի երգը, 5 օրինակ ուղարկի շանսոնյեին։
Ի դեպ, Ազնավուրի Hier Encore երգը` Նոյանի կատարմամբ, Youtube-ում մեծ տարածում է ստացել ու ավելի քան երեք միլիոն դիտում ունի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am