Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման ու տարածման գործում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը կարևորում է պետական աջակցության դերը:
Այս մասին ազգագրագետն ասաց Մշակույթի միջազգային օրը` ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Մշակույթն ազգի ոգու նկարագիրն է, և յուրաքանչյուր ազգ կենսունակ է հենց իր մշակույթով: Այն էթնիկական ընդհանրության արմատն է: Պարզ է, որ մեր դարում գլոբալիզացիոն այս մեծ հեղեղի մեջ մենք պետք է գերակա վերաբերմունք ցուցաբերենք մշակույթի նկատմամբ: Մենք ունենք հազարամյա մշակութային ժառանգության, որն իրապես պահպանության ու հանրահռչակման կարիք ունի: Այդ հարցում պետք է նկատելի լինի պետական աջակցությունը»,- նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով` մեր հարևան երկրները դեռ Խորհրդային Միության տարիներից մշակութային ժառանգության պահպանության համար լուրջ պետական աջակցություն ենք ստացել: Այսօր էլ դեռ գործում են ֆոնդեր, որոնք նպաստում են տվյալ երկրի ունեցած կամ անգամ չունեցած մշակութային արժեքների հանրահռչակմանը:
«Ըստ իս` մեր պետական այրերը պետք է հատուկ կարևորություն տան մշակույթին, որովհետև մեր հաղթանակները ինչպես պետք է լինեն ռազմի դաշտում, եթե դրա հարկը լինի, այնպես էլ մշակույթի ոլորտում»,- շեշտեց ազգագրագետը:
Անդրադառնալով ոլորտի խնդիրներին` նա ասաց, որ մշակութային քաղաքականության գերակա խնդիրներից մեկ պետք է լինի մեր ունեցածը պահպանելը, այն նոր տեխնոլոգիաների միջոցով արդիականացնելը:
«Ասում են, որ թանգարանները վայրեր են, որտեղ պարզապես պահվում են թանգարանային նմուշներն ու հաշվառվում, բայց թանգարանները, ինչպես մյուս մշակութային օջախները, լուրջ մշակութային գործառույթ են իրականացնում մշակութային ժառանգության պահպանության, հանրահռչակման ու տարածման գործում:
Եթե մշակութային քաղաքականության կարևոր խնդիր չլինի մշակութային օջախների զարգացման համար հնարավորություններ ապահովելը, ապա առաջիկա տասը տարում չենք ունենա ազգային ինքնության կարևոր խորհրդանիշ հանդիսացող կառույցներ»,- եզրափակեց Պողոսյանը: