ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից ապրիլի 9-ի շրջայցի ընթացքում Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր հնչեցնելուն: Ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց իր տեսակետը, որ պետական դրոշի նկատմամբ պետք է ցույց տրվի պատշաճ վերաբերմունք:
«Մինչև քաղաքացի լինելը մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ է, կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է: Եթե ուսադիրներով մարդու` պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին»,- ասաց Փաշինյանը:
Պատասխանելով աշխատանքից ազատված աշխատակցի իրավունքների խախտման վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց, որ լավ մասնագետը Հայաստանում չի կարող աշխատանքի տեղավորման խնդիր ունենալ:
«Ես հետաքրքրվել եմ, և պարզել, որ այդ տղան բավական երկար ժամանակ աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի որոշ ժամանակով տեղափոխվել է Ազգային ժողով, հետո նորից վերադարձել է ՊԵԿ: Ենթադրում եմ, որ պետական կառույցներում աշխատում են լավ մասնագետներ, ովքեր Հայաստանում աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներ ունենալ չեն կարող»,- նշեց վարչապետ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` ապրիլի 9-ի միջադեպը պետական դրոշների նկատմամբ վերաբերմունքը պատշաճ մակարդակի բարձրացնելու առիթ է դարձել:
«Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը: Հենց այդ օրն ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: