…Բայց «Արագիլի» հնչելը հրապարակից արժեհամակարգային կոդ է փոխում. armtimes.com
Advertisement 1000 x 90

…Բայց «Արագիլի» հնչելը հրապարակից արժեհամակարգային կոդ է փոխում. armtimes.com

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ինձ պատմեց, որ տարիներ առաջ, երբ աշխարհում արդեն սկսել էին խոսել երջանկության չափանիշների մասին, ազգագրագետների խմբով երջանկության մասին ուսումնասիրություն են կատարել: Որոշել էին բուն աշխատանքին զուգահեռ հասկանալ, թե ինչպե՞ս են մարդիկ հասկանում երջանկություն բառը, արդյո՞ք այդ մարդիկ անհատապես ունեն այդ երջանկությունը և կամ ի՞նչն է նրանց պակասում լինել երջանիկ: Այդ հարցումներն անում էին աղքատ, տարեց, հիվանդ մարդկանց հետ:

«Ոչ թե հատուկ ընտրել էինք սոցիալական այդ շերտը, այլ այդ տարվա ծրագրային խնդիրն այդ շրջանակներում էր: Եվ ուրեմն, մենք նրանց հարցեր էինք տալիս նաև երջանկության մասին: Չեմ կարող ասել, թե այդ հետազոտություններից հստակ արդյունքներ ունենք, բայց ես հետաքրքիր մի բան հասկացա` երբ մարդուն նախապես հարցնում ես երջանկության մասին, նրանք մեծամասամբ ապերջանիկ են: Նախ հարցնում են` «Իսկ դա ի՞նչ է», հետո ասում են` «Իսկ ինչո՞վ երջանիկ լինենք»: Ու սկսում են թվարկել, թե ինչքան խանգարող բաներ կան երջանկությանը: Բայց երբ նրանց հետ երկար զրուցում էինք երջանկության մասին, նրանց հարցեր էինք տալիս կյանքի փուլերի, իր ապրած զգացմունքների մասին` աստիճանաբար գալով երջանկության խնդրին, ապա մեր զրուցակիցների մեծ մասը երջանիկ էին կամ գոնե այդպես էին իրենք իրենց գնահատում: Եթե փորձեմ ամփոփել այդ մարդկանց մոտեցումները, ապա կանանց մեծ մասը` հատկապես 50 և ավելի տարեկանները, իրենց կյանքի ընթացքը և կոնկրետ այդ փուլը համարում էին երջանիկ, եթե չեն ունեցել երեխաների կորուստ. ոչ թե երեխաները հաջողակ են կամ անհաջողակ, այլ` մահվան դեպք չկա, ինչպես իրենք էին ասում` «չոր աչքով եմ գնալու գերեզման»: Սա էր նրանց երջանկության ընկալումը: Ինձ համար դա սարսափելի վատ պատկերացում է, որովհետև նշանակում է, որ մարդու անձնական կյանքի առանցքն ու խարիսխը երեխայի վրա է կենտրոնացած: Երեխայի վրա կենտրոնացած լինելը լավ է, բայց վտանգավոր է, երբ բացառվում են կյանքի բազմաթիվ այլ բաղադրիչներ: Ընդհանրապես, զրույցների ընթացքում պարզվեց, որ երջանկության զգացումի հիմնական հավաքն ավելի շատ մերձավորների հետ կապված խնդիրներն են, քան սեփական անձնական կյանքի, և կապ չունի, թե տվյալ մարդու կյանքը որքանով է թեթև կամ ծանր եղել: Մարդը կարող է պատմել տառապալից մի կյանքի մասին, բայց վերջում ամփոփել, որ եթե երեխաները կան, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, կարողանում են տեսնել երեխաներին, ուրեմն երջանիկ են: Կրկնում եմ` տարբեր են երջանկության մասին պատասխանները, երբ զրույցի ժամանակ հասունացնում ենք խնդիրը և երբ ուղղակի հարցնում եք երջանկության մասին»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյան

Անձնական երջանկություն.

Ամենա-ամենա-ամենաերջանիկ պահը, որ երբեք չի լքում ինձ, իմ առաջնեկի ծնունդն է: Երեխայի ծնվելու առաջին իսկ վայրկյանին, երբ եղավ ճիչը, երեխային տարան, և ես նրան անգամ դեռ չէի տեսել, այնպիսի անչափելի երջանկություն ունեցա: Երևի, հենց դա է երջանկությունը, որովհետև դա ոչ ուրախություն է, ոչ թեթևություն է, դա ուղղակի ամբողջ մարմինն ու հոգին լցնող անսահման խոր մի զգացում է, որ կարող ես այլևս չապրել, որովհետև արդեն ապրել ես ամբողջ սահմանված կյանքը: Ինձ թվում է` ոչ մի տղամարդ սա չի կարող հասկանալ: Ֆանտաստիկն այն է, որ ծնունդը, որը, ի վերջո, կենսաբանական ակտ է, հղիության 9 ամիսներին սիրել ես, ապրել ես, տանջվել ես և այլն, քեզ չի նախապատրաստում այն անսպասելի վրադ թափված անսահման մեծ զգացումին, որը երեխային ծնունդ տալուց հետո ապրում ես: Դու դրան պատրաստ չես, դու դրան ընդառաջ չես գնացել, և այն թափվում է քեզ վրա այնքան հանկարծակի և այնպես բուռն: Երկրորդ երեխայիս ժամանակ էլ եմ ապրել շատ մեծ զգացում, բայց դա համեմատելի չէ առաջին երեխայի ծնունդի հետ: Կյանքդ անմիջապես, կտրուկ, ակնթարթորեն և ամբողջովին փոխվում է: Իմ անհատական երջանկության զգալի մասը կապված է իմ և հարազատական շրջապատի երեխաների հետ: Տաշտում ջուր էի լցնում, մատս դնում երեխայի դնչի տակ, երեխան կրկնում էր արգանդի լողը, ազատ լող էր տալիս տաշտում: Քանի որ ջուրը սառչում էր, ընթացքում տաքացնում էի և երկար հետևում երեխայի լողին: Սա ինձ համար շատ կարևոր երջանկության զգացում է: Գուցե նույնիսկ եսասիրական: Հնարավոր է՝ ես դա անում էի ոչ այնքան երեխայի համար, որքան իմ սեփական բավականության համար: Ես այնքան շատ ուրախություններ եմ ունեցել իմ երեխաների մանկական տարիքից, որ միշտ զարմանում եմ, երբ մարդիկ հիշում են երեխայի մեծանալու դժվարությունները: Ինձ մոտ մնացել է երեխայի ծնունդի և մեծանալու ուրախությունը, որը ուրիշ ոչ մի բանի հետ չես համեմատի և չես ցանկանա փոխանակել ոչ մի բանի հետ: Երբեմն ծնողներն ասում են, թե երեխան չի գնահատում ծնողի ներդրումը, միշտ ուզում եմ հարցնել, թե արդյո՞ք մենք գնահատում ենք այն անսահման ուրախությունը, որ երեխաները մանկական հասակում ներդնում են մեր կյանքում: Ինձ համար ակնհայտ է, որ իմ կյանքի ամենասիրած շրջանը երեխաների հետ է կապված: Իմ կարծիքով, կնոջ համար լավագույն, բարձրագույն զգացողությունները, որոնք, երևի, երջանկության զգացողության մեջ են մտնում, երեխաների ծնունդով և նրան մեծացնելու ընթացքից են սկսում:

Տարիքի հետ եկող ամենամեծ կորուստը լեռ բարձրանալ չկարողանալն է: Ոտքով լեռ բարձրանալն իմ կյանքի ամենախոշոր իրադարձություններից է եղել: Իհարկե, մեքենայով էլ կարելի է գնալ լեռները, բայց ես խոսում եմ ոտքով լեռ բարձրանալու ընթացքի մասին: Դա հատուկ ապրում է, հատուկ զգացողություն: Դու դանդաղ ներքևում ես թողնում հազար ու մի հոգս, ամենօրյա խնդիրներ, հարցեր և աստիճանաբար մոտենում ես մի տարածքի, որտեղ դրանց մեծ մասը կարևոր չեն թվում: Լեռներում միշտ ազատության, թեթևության, ներդաշնակության, աշխարհի հետ հաշտ լինելու հնարավորություն կա, և այդ բոլորի մեջ երջանկության զգացողությունը գիտեմ, որ շատերին է համակում: Լեռներից աշխարհն ամբողջովին բաց է, լեռներում շնչելը հեշտ է, դու ավելի համարձակ ես, խնդիրները դառնում են քիչ վրդովվեցնող և հաղթահարելի: Կարող է տարօրինակ թվալ, բայց լեռներում մարդն ավելի լավ է հասկանում, որ ինքն ու իր խնդիրները հյուլե են: Լեռները մարդուն եսակենտրոնությունից բուժում են: Իսկ եթե բախտդ բերել է, և դու լեռներում ես ամռանը, լիալուսնի ժամանակ… ես ինքս ինձ այդ օրերի համար խանդում եմ:

Ամբողջությամբ՝ armtimes.com 



Նման նյութեր