«Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում, որն այս տարի կանցկացվի օգոստոսին Ռուսաստանի Սոչի քաղաքում, Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգիչ Ծյոմը, որը երաժշտասերների լայն շրջանակին հայտի է «Իքս ֆակտոր 4» նախագծից:
Երգիչն այդ մասին հայտնել է ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձի միջոցով:
«Ողջունում եմ բոլոր հայրենակիցներիս: Արդեն երեք օր է՝ գտնվում եմ Մոսկվայում: Երկու բավականին ծանր օր եմ անցկացրել, քանի որ մասնակցում էի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթի կիսաեզրափակիչին: Մրցում էինք շատերս, բայց ընտրվեցի ես: Այս տարի մրցույթում Հայաստանը ներկայացնելու եմ ես»,-տեսաուղերձում ասում է երգիչը: Նա դիմում է երկրպագուներին՝ ընգգծելով, որ ակնկալում է նրանց աջակցությունը: 2002 թվականից անցկացվող մրցույթի ստեղծման գաղափարը երաժիշտներ Իգոր Կրուտոյինն ու Ռայմոնդ Պաուլսինն է: Մրցույթը նպատակ ունի բացահայտել ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ երկրների տաղանդավոր երգիչներին: