Այսօր Ազգային Ժողովի աշխատակիցների աշխատանքային առավոտը տարբերվում էր սովորականից։ Բանն այն է, որ ԱԺ տնտեսական մուտքը, որով սովորաբար աշխատակիցները ներս են մտնում ԱԺ, այսօր նրանց համար փակ էր։ Տնտեսական մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից է, որտեղ էլ հենց կանգնում է աշխատակիցներին սպասարկող ավտոբուսը։ Սովորականի պես մոտենալով մուտքի դռանը՝ աշխատակիցներին տեղեկացրել են, որ այլևս անհնար է այդ մուտքով ներս մտնել՝ հորդորելով Բաղրամյանի մուտքից օգտվել։ Արգելքի վերաբերյալ որևէ պատճառ չի նշվում, ենթադրվում է, որ թույլ չի տրվում մտնել աշխատանքի մետաղորսիչ սարքի չաշխատելու պատճառով։ Աժ աշխատակիցները Armdaily.am-ի հետ զրույցում նշեցին, որ այդ գործիքը վաղուց չի աշխատել, սակայն իրենք նորմալ ներս են մտել։
Նրանք նաև նշեցին, որ ամեն անգամ ներս ու դուրս անելիս ծառայողները ստուգել են իրենց պայուսակի պարունակությունն, ինչի մասին արդեն գրել էինք։ Նրանք կասկածում են, որ հնարավոր է ԱԺ ղեկավարությունը չի վստահում տնտեսական մուտքի ծառայողների պայուսակ զննելուն, ուստի որոշել է մուտքը փակել։ Աշխատակիցների համար անիմաստ լարում է առաջացրել նաև այն, որ դրա մասին նախապես չեն տեղեկացվել ղեկավարությունից, ինչը համարում են անկազմակերպ աշխատանքի արդյունք։