Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի նրա կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման դեպքում, և ըստ որում բացառել է հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մատակարարումը:
«Եթե (Թուրքիայի) նախագահ (Թայիփ) Էրդողանը պնդի Ս-400 հակահրթիռային համակարգի ձեռքբերումը և ավարտի դրա գնումն ու տեղակայումը, ապա պատժամիջոցներ կսահմանվեն այն օրինագծի հիման վրա, որն սկզբնապես ես առաջարկել եմ (Կոնգրեսում): Եվ խոսքն այն մասին չէ, թե պատժամիջոցներ կարող են սահմանվել. դրանք պարտադիր կլինեն: Մենք չենք ցանկանում դա, և մենք այլ տարբերակներ առաջարկեցինք Թուրքիային: Ս-400 համակարգն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի ճարտարապետության հետ»,- հայտարարել է սենատորը հունական «Կատիմերինի» թերթում հրապարակված հարցազրույցում: Մենենդեսը գտնվում է Աթենքում, որտեղ ապրիլի 22-ին նրան կընդունի Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Ավելի վաղ ամերիկացի սենատորն այցելել է Կիպրոս, որտեղ նրա հետ հանդիպում է ունեցել նախագահ Նիկոս Անաստասիադիսը: