Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում այս տարի կբացվի եւ կգործի հնագիտական թանգարան:
Ինչպես տեղեկացրեց Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, թանգարանը հիմնվելու է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այն գործելու է Լճաշենի մշակույթի տան կիսանկուղային հարկում, մոտ 200 քառակուսի մետր տարածքի վրա: Թանգարանի տարածքի նորոգման համար նախատեսված է ծախսել 10 միլիոն դրամ, որից 5,5 միլիոն դրամը հատկացնելու է Լճաշենի համայնքապետարանը, 4,5 միլիոն դրամը՝ ՀՀ կառավարությունը:
«Այժմ ընթանում են նախագծման աշխատանքները, որի ավարտից հետո կհաստատվի ծրագիրը, կհայտարարվի շինարարական մրցույթ, ապա կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Լճաշենը Հայաստանի այն բացառիկ բնակավայրերից է, որտեղ մարդկային կյանքը ծագել ու զարգացել է անհիշելի ժամանակներից: Մեր գյուղից հայտնաբերված պատմական նյութերը պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում: Որոշակի նյութեր կան մեր ձեռքի տակ, որոշակի նյութեր էլ պահպանվում են այն հնագետների մոտ, ովքեր վերջին տարիներին պեղումներ են իրականացրել Լճաշենի հնավայրերում:
Լճաշենը շատ վաղուց միջազգային հանրահռչակում ունի արտասահմանցի հնագետների մոտ, նրանով հետաքրքրված են նաեւ աշխարհի շատ հնագետներ, սակայն մեր հիմնական նպատակն է՝ մեզ մոտ զարգացնել հնագիտական տուրիզմը: Լճաշենում պահպանված հնագույն դամբարանադաշտերը, բերդաքաղաքը, Արգիշտի Առաջինի սեպագիր արձանագրությունը, դամբարաններից ու բերդաքաղաքից գտնված իրերը՝ զենքեր, կիրառական արվեստի նմուշներ, մարտակառքեր, կմախքներ, խեցեղեն կամ արհեստագործական նյութեր, վաղուց ճանաչված ու գնահատված են, սակայն մենք պետք է ամբողջացնենք այդ բոլոր արժեքները, շատ ավելի հանրահռչակենք դրանք, որպեսզի կարողանանք մի կողմից տուրիստների մեծ հոսք ապահովել, մյուս կողմից էլ նպաստենք հնագիտական ուսումնասիրությունների ծավալմանը: Կաշխատենք հետ բերել նաեւ այն արժեքները, որոնք տարբեր ժամանակներում դուրս են բերվել մեր համայնքից եւ պահպանվում ու ցուցադրվում են այլ տեղերում: Թանգարանը կգործի տեղական բյուջեի միջոցների հաշվին»,- նշեց Կորյուն Մարգարյանը: