Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը. «Լուսավոր Հայաստան»-ը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Advertisement 1000 x 90

Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը. «Լուսավոր Հայաստան»-ը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

21-րդ դարում փակ սահմաններն ընդունելի չեն, Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Սահմանների բացումն այլընտրանք չունի, մենք պետք է հասնենք դրան, բայց  միևնույն ժամանակ պետք է բոլոր հարցերը քննարկվեն, նոր գնանք առաջ: Փորձը ցույց տվեց, որ առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսումը Թուրքիայի հետ չաշխատեց : Հիմա էլ կարող ենք առանց նախապայմանների հարաբերությունների մասին խոսել, բայց դա չի կարող ծառայել միայն թուրքական կողմին: Սահմանները պետք է առանց նախապայմանների բացել, 21-րդ դարում պետք չէ սահմանները փակ պահել»,- ասաց  Էդմոն Մարուքյանը:

Խոսելով ֆուտբոլային դիվանագիտության մասին՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ պետք էր ինչ-որ բան ժամանակին սկսել, բայց  երբ նախապատրաստական փուլ լիներ: Ըստ նրա՝ Հայաստանն անպատրաստ իրավիճակում սկսեց այդ պրոցեսը: Թուրքական պետությունը մտավ պրոցեսի մեջ, իր բոլոր հնարավորություններով շահեց դրանից և գործընթացը վիժեցրեց:

«Ես կարծում եմ, որ ցանկացած նման նախաձեռնություն սկսելուց առաջ, պետք է լավ նախապատրաստական աշխատանք տանել, որ ոչ թե Թուրքիան դրանից շահի, այլ մարդկությունը: Ցեղասպանությունը ճանաչվի, դիվանագիտական հարաբերություններ սկսվեն Թուրքիայի հետ, սահմանները բացվեն»,-ասաց նա:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետն իր ելույթում չի խոսել Հայոց ցեղասպանության մասին, ինչն էլ ընդդիմադիրների կողմից քննադատության է արժանացել, Էդմոն Մարուքյանը նշեց, որ ելույթ ունենալով չէ, որ կարելի է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործ անելու մասին խոսել կամ չխոսել:

«Դա խնդիր չէ, եթե կա տեսլական Թուրքիայի հետ հարաբերություններն ինչպես ձևավորելու հարցում:  Իշխանությունները տեսլական չեն ներկայացրել և այդ ուղղությամբ որևէ քայլ չի կատարվում: Ինչ վերաբերում է տարբեր խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացներին, ապա դա համալիր աշխատանքի արդյունք է, աշխատում են և՛ հայ համայնքը, և՛ Հայ դատի գրասենյակները, և՛ դեսպանությունները»,-հավելեց նա: