Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծում եմ, որ 1000 դրամի հետ կապված խնդիրը ոչ թե գումարն է, որը նախատեսված է մեր վիրավորված զինվորների և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար, այլ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ: Վստահության առումով լրիվ համամիտ եմ մեր հասարակության այն հատվածի հետ, որն արդեն ոչ մի հարցում չի հավատում իշխանություններին: Ավելին, ինքս այդ հատվածի ներկայացուցիչ եմ: Բայց…
ժողովուրդ ջան, այդ դեպքում եկեք քննարկենք ոչ թե 1000 դրամը, այլ այն մեխանիզմները, որոնց պարագայում այդ գումարների յուրաքանչյուր լուման կհասնի հասցեատերերին: Չեմ կասկածում, որ բողոքողների մեծ մասը այս կամ այն ձևով, տարբեր ժամանակահատվածներում ոչ թե 1000 կամ 10000 դրամով են օգնել մեր զինվորներին ու բանակին, այլ շատ ավելի շատ:
Ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ իշխանությունների հանդեպ վստահությունը շատ ավելի քիչ էր, բայց բոլորն էլ ինչ- որ բանով սկսեցին օգնել բանակին և զինվորներին…
Կարծում եմ, որ իշխանությունները օրինագիծը ներկայացնելուց պետք է հանդես գային օրենսդրական փաթեթով, որտեղ զուգահեռ պետք է ներկայացված լինեին նաև վերահսկողությունն ու պատժամիջոցները: Ես իրավաբան չեմ, բայց եթե ինձ մնա, Քրեական օրենսգրքում կավելացնեմ մի հոդված, որ բանակի յուրաքանչյուր լուման ոչ նպատակային օգտագործելու համար, պարզ ասած` գողանալու համար, կնախատեսեմ առավելագույն պատիժը՝ ցմահ բանտարկություն, որպես Հայրենիքին դավաճանության հավասար արարք»: