«Փրկեալ Ձեռագործք Հայոց» պատկերագիրքը հայկական ասեղնագործության բացառիկ նմուշների հանրահռչակման նպատակ ունի
Advertisement 1000 x 90

«Փրկեալ Ձեռագործք Հայոց» պատկերագիրքը հայկական ասեղնագործության բացառիկ նմուշների հանրահռչակման նպատակ ունի

Հայկական արվեստի ժառանգությունն ամենօրյա խնամքի, հոգատարության և հանրահռչակման կարիք ունի։ Այս գիտակցումն ու հայի պատասխանատվության զգացումն է առիթ դարձել «Փրկեալ Ձեռագործք Հայոց» պատկերագրքի ստեղծման համար, որի շնորհանդեսը կայացավ Հայաստանի ազգային պատկերասրահում:

Պատկերագրքում ներառված է իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հնագույն հայկական ձեռագործի անձնական հավաքածուն` ավելի քան 50 նմուշից բաղկացած, որը ձեռք է բերվել տարբեր աճուրդներից և արտերկրի մասնավոր վաճառողներից: «Անընդհատ հետաձգում էի գրքի հրատարակումը, քանի որ պարբերաբար նոր նմուշներ էի ձեռք բերում և ցանկանում էի անպայման դրանք ևս ներառել գրքում։ Այնուամենայնիվ, մի պահի կանգ առնել էր պետք»,- նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը։

Հավաքորդի խոսքով` հետաքրքրությունը հայկական ժողովրդական և կիրառական արվեստի` մասնավորապես ասեղնագործության նկատմամբ, սկսվել է ընտանիքից։ Նարեկը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հավաքորդ Հովհաննես Շարամբեյանի թոռն է։ «Մի քանի տարի առաջ բախտի բերմամբ տանը նկատեցի ձեռագործի մի քանի պատառիկներ, որոնք պապիս միջոցով փոխանցվել էր և մնացել մեր տանը։ Սկսեցի ուսումնասիրել և միանգամից հարց առաջացավ` եթե այս պատառիկները հայ գաղթականների բերածն են, ինչն է նրանց ստիպել ծայրահեղ ծանր իրավիճակում փրկել այդ նմուշները։ Այդ հարցի շուրջ երկար եմ խորհել։ Սա բացառիկ երևույթ է և մեր ազգին բնորոշ առանձնահատկություն»,- նշեց Նարեկ Վան Աշուղաթոյանը` հավելելով, որ պատմական այդ փաստը որոշակի ուղերձ և առաքելություն է իր մեջ պարունակում։

Հավաքորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ վերնագիրն արդեն իսկ  հուշում է, որ խոսքն այն նմուշների մասին է, որոնք փրկված են։ Նա չափազանց կարևորեց այսպիսի աշխատությունների հրատարակման անհրաժեշտությունը, քանի որ միջազգային հանրությանը ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու անհրաժեշտություն կա։

Ազգագրագետ, նկարիչ Հրազդան Թոքմաջյանն իր խոսքում նշեց, որ հայկական իրականության մեջ նկատել է մի երևույթ, երբ մի խնդիր է առաջանում` օրինակ լավաշի հարցն է ասպարեզ իջնում կամ թառի, քոչարի պարի, հայ հանրությունը սկսում է միայն այդ ընթացքում մոբիլիզացվել, լարվել։ «Սա իհարկե դրական երևույթ է, սակայն նաև համոզված եմ, որ սրա մեջ կա նաև բացասական կողմ։ Այդպիսով ստացվում է, որ մեզ մեր հակառակորդներն են օրակարգ թելադրում և իրենք են որոշում, թե մենք ինչով պետք է զբաղվենք։ Այս գրքի օրինակը ցույց է տալիս, որ մենք ունենք մեր ներքին օրակարգը, և այս առիթով Նարեկի գործունեության նշանակությունը բազմապատկվում է»,- ասաց նա` հավելելով, որ շատ կցանկանար, որ նոր Նարեկներ գտնվեին, քանի որ մեր մշակույթի դրա կարիքն իսկապես ունի։

Երկլեզու պատկերագրքի հրատարակումը նպատակ ունի հայկական կորցրած արժեքները վերադարձնել հայությանը և արդեն հրատարակված գիրքն առաքել աշխարհի կարևոր թանգարաններին, աճուրդի տներին և համալսարաններին:

Գրքի հրատարակումը հայկական ձեռագործները հանրայնացնելու առաջին քայլն է։ Հաջորդ քայլն այդ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումն է դառնալու։