Մահացածներից օրգանների փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում կարող է որոշակի ռիսկեր պարունակել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքն է հայտնել ներյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը։
Մահացած դոնորների օրգանները պատվաստվում են աշխարհի շատ երկրներում, և ամեն մի երկրում ծրագիրն իրականացվում է յուրովի։ Շատ երկրներում գործում է այսպես կոչված «թույլատրված համաձայնության» սկզբունքը, այսինքն՝ դոնորից կարելի է վերցնել օրգանը, եթե նա դեռ կենդանության օրոք պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է դոնոր դառնալ և դոնորի վկայական է ստացել։ Եթե նա դա չի արել, նրա օրգանների օգտագործման թույլտվություն կարող են տալ նրա ազգականները։
Ուրիշ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում և Ռուսաստանում, գործում է այսպես կոչված «օրգաններ և հյուսվածքներ վերցնելու համաձայնության կանխավարկածը»։ Այդպիսի երկրներում օրենքը թույլ է տալիս վերցնել մեռած մարդու օրգանները, եթե նա կյանքի օրոք կամ նրա մերձավոր ազգականը նրա մահից հետո իր անհամաձայնությունը չի հայտնել։
Հայաստանում նախատեսված է ներդնել երկրորդ համակարգը՝ «համաձայնության կանխավարկածը»։ Մարինա Խաչատրյանի կարծիքով՝ նման մոտեցումը կարող է թաքցնել որոշակի ռիսկեր. մարդը, որը չի ցանկանում դոնոր լինել, կարող է չիմանալ, որ դոնոր է «լռելյայն», նա կարող է չիմանալ, որ պետք է հրաժարում գրի դոնորությունից։ Նեյրովիրաբույժը երկյուղում է, որ նման մոտեցումը կարող է նպաստել «օրգանների սև շուկայի» ծաղկմանը։
Բացի այդ, նա համոզված է, որ այն իրավիճակներում, երբ մարդու սիրտը դեռ բաբախում է, բայց արձանագրվել է ուղեղի մահ, հարազատները ոչ մի կերպ չեն համաձայնի անջատել արհեստական կենսապահովման սարքը, որպեսզի նրա օրգանները (մասնավորապես՝ սիրտը) տան փոխպատվաստման համար. նրանք կպահանջեն, որպեսզի բժիշկները պայքարեն իրենց հարազատի կյանքի համար մինչև վերջ։ Եվ բժիշկներն իրենք էլ սովորաբար հենց այդպես էլ վարվում են։
Մարինա Խաչատրյանի կարծիքով՝ մեռածների դոնորությունը երկրում պետք է կազմակերպվի «թույլատրված համաձայնության» համակարգով. եթե մարդը ցանկանում է, որ իր օրգանները նրա մահվանից հետո օգտագործվեն փոխպատվաստման համար, նա պետք է դրան իր համաձայնությունը տա կենդանության օրոք։ Բայց մարդուն առանց իր գիտության դոնոր դարձնելը, նեյրովիրաբույժի կարծիքով, ճիշտ չէ։
«Եթե մարդը չի եկել և չի գրել հրաժարում, դա չպետք է նշանակի, թե նա համաձայն է դոնոր լինել։ Եթե նա իսկապես համաձայն է, նա պետք է գնա և գրի իր համաձայնության մասին և ստանա դոնորի համապատասխան վկայական։ Եվ միայն մարդն ինքը պետք է իմանա իր որոշման մասին, այլ ոչ թե բոլոր մարդիկ պոլիկլինիկայում»,- ասել է Մարինա Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօրվա դրությամբ մոտ 500 պացիենտ երիկամների հիբանդությամբ սպասում է փոխպատվաստման։ Կան նաև պացիենտներ, որոնք լյարդի, սրտի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների պատվաստման կարիք ունեն։ Միշտ չէ, որ հաջողվում է նրանց համար գտնել հարմար կենդանի դոնորների (իսկ որոշ օրգաններ, օրինակ՝ սիրտը, անհնար է վերցնել ողջ մարդուց)։ Շատ մասնագետներ պնդում են, որ եթե Հայաստանում լինի օրգանների պատվաստման ծրագիրը մահացած դոնորներից, կարելի կլինի փրկել շատ ու շատ կյանքեր։