Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հրապարակումը.
«Առաջին գումարն աշխատել եմ 8 տարեկանում: Ամառը գնում էի գյուղ, տատիս տուն: Առավոտը գնում էի մոշ քաղում, կեսօրի շոգին ետ գալիս: Երեկոյան էլի էի գնում հանդ:
Հաջորդ օրը ևս նույն կերպ: Երկու օրում հավաքում էի մի էմալապատ դույլ մոշ, մոտ 10 կգ: Մյուս օրը ծանր դույլս առած գյուղի կանանց հետ իջնում էի Սանահին կայարան, գնացքով ժամուկես գնում Կիրովական, այդտեղից՝ շուկա: Վաճառում էի, ստացվում էր 10-12 ռուբլի:
Երեկոյան գալիս էի տուն, մոտ երեք ռուբլի ծախսելով:
Այդպես հավաքեցի 30 ռուբլի, տարա Ալավերդու մեր տանը պահեցի, որ իմ ձեռքով նոր շոր-կոշիկ առնեմ դպրոցի համար /սիրահարված էի/:
Հաջորդ անգամ երբ գյուղից քաղաք գնացի, փողս իր տեղում չէր: Դիմեցի ծնողներիս: Պարզվեց իմ բացակայության ժամանակ տան զուգարանակոնքը ճաքել է ու իրենք իմ փողով նորն են առել:
Մի լաց դրեցի, մի ողբ, ասում էի՝ գոնե մի կարգին բանի վրա ծախսեիք իմ առաջին փողը, հիմա ստացվում է, որ գնալու եք իմ աշխատած առաջին փողի մեջ …եք»: