Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, թեպետ, գյուղատնտեսական աշխատանքի ակտիվ փուլում են, սակայն ակտիվորեն նշում են Մայիսի 1-ը՝ Աշխատանքի միջազգային օրը: Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ավանդույթի համաձայն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով գնում են բնության գիրկ:
«Բնության ծաղկունքի, զարթոնքի շրջանն է, մենք էլ, առիթից օգտվելով, օրն այնտեղ ենք անցկացնում: Սահմաններին, եթե հանգիստ է լինում, ապա մենք կազմակերպում ենք և՛ մեր տոնը, և՛ մեր աշխատանքը»,- ասաց Նարեկ Սահակյանը:
Նա նշեց, որ այժմ գյուղատնտեսական ակտիվ փուլում են, ցորենի դաշտերն են պարարտացնում, խաղողի այգիներն են ոռոգում, նախապատրաստական աշխատանքներ են տարվել սածիլներ դնելու համար:
Ոսկեպար համայնքում հատուկ տոնական միջոցառումներ չկան, սակայն ընտանիքներով նույնպես ձգտում են օրն անցկացնել բնության գրկում: Համայնքի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ավանդույթի համաձայն պարտադիր միմյանցից շնորհավորանքներ են ստանում և փորձում օրն անցկացնել մտերիմների, հարազատների հետ:
«Մեր գյուղացիները շատ աշխատասեր են, տարվա ընթացքում ակտիվորեն աշխատանքի մեջ են: Մեզ մոտ պայմանները նպաստավոր են այգեգործության ու անասնապահության համար: Ցանկալի կլիներ, որ նոր աշխատատեղեր ավելանային, կանայք ներգրավված լինեին տարբեր գործերում»,- ասաց Սերոբ Մախսուդյանը: