Ֆերմե՞ր, թե՞ «ջուր կրող»․ կանանց խնդիրները Հայաստանի գյուղերում
Advertisement 1000 x 90

Ֆերմե՞ր, թե՞ «ջուր կրող»․ կանանց խնդիրները Հայաստանի գյուղերում

Հայաստանում կանայք ակտիվորեն ներգրավված են գյուղատնտեսության ոլորտում, որտեղ, սակայն, առկա են գենդերային անհավասարության և կարծրատիպերի մի շարք դրսևորումներ։

Ինչպես նշվում է ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» 2017 թվականի զեկույցում, Հայաստանում զբաղվածություն ունեցողների մոտավորապես 34.8 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ, որոնցից մոտ 56 տոկոսը կանայք են։ Ընդ որում, գյուղատնտեսության ոլորտում ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցողների շրջանում կանանց մասնաբաժինը կազմում է 82․1 տոկոս։ Այսինքն, Հայաստանում կանայք գերներկայացված են ընտանեկան ֆերմաներում, որտեղ, սակայն, նրանք չեն վճարվում, չեն ստանում սոցիալական ապահովվածության երաշխիքներ և հնարավորություն չեն ունենում զարգանալու և կատարելագործելու իրենց հմտությունները։

Ինչպես նշվում է սույն զեկույցում, ընտանեկան ֆերմաներում ոչ պաշտոնապես աշխատող գյուղացի կանայք Աշխատանքային օրենսգրքով սահմանված որեւէ փոխհատուցում չեն ստանում, օրինակ՝ հիվանդության պատճառով արձակուրդ և երեխայի խնամքի նպաստ, քանի որ այդ կանայք համարվում են կամ ինքնազբաղված կամ ոչ ակտիվ։ Գյուղական համայնքներում զբաղվածություն ունեցող կանանց երկու երրորդը դրամային եկամուտ չի ստանում։

Հայաստանում գյուղացի կանանց ուսերին են կենցաղային հիմնական խնդիրները, որոնք՝ գյուղատնտեսական աշխատանքների հետ միասին, ժամանակ չեն թողնում կանանց կատարելագործվելու և ավելի բարձր որակավորում պահանջող գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։ Այսպես, շատ գյուղական համայնքներում ջրագծերի բացակայության պատճառով «ջուր կրելու» ֆունկցիան դրված է լինում կանանց վրա, իսկ կենցաղային տեխնիկայի, օրինակ՝ լվացքի մեքենաների բացակայության պայմաններում կանայք ստիպված են լինում չափից շատ ժամանակ ծախսել նման աշխատանքների համար։

Ըստ զեկույցի, սա անմիջական ազդեցություն ունի գյուղացի կանանց ծանրաբեռնվածության վրա, քանի որ կենցաղային աշխատանքները և վերարտադրողական գործառույթները կարծրատիպերի ուժով կապվում են կանանց գենդերային դերերի հետ։ Կանանց կենցաղային ծանրաբեռնվածությունը երկուշաբթիից կիրակի կազմում է օրական 6,1 ժամ, մինչդեռ քաղաքային բնակավայրերում ապրող կանանց դեպքում այս ծանրաբեռնվածությունը կազմում է օրական 4,9 ժամ, իսկ գյուղացի տղամարդկանց դեպքում՝ 2,6 ժամ։

Պակաս խնդրահարույց չէ նաև գյուղատնտեսության ոլորտում կանանց կրթվածության հարցը։ Այսպես, ըստ վերոնշյալ զեկույցի, գյուղատնտեսության բնագավառում կանանց կրթության ցածր մակարդակը նշանակում է, որ շատ ավելի փոքր է հավանականությունը, որ նրանք կզբաղեցնեն որոշումներ կայացնող և ղեկավար պաշտոններ գյուղատնտեսական ոլորտներում, հետեւաբար՝ գյուղատնտեսության բնագավառում կանանց ձայնը չի լսվում, և նրանց կարծիքը չի արտահայտվում քաղաքականության մեջ։

Զեկույցի հեղինակները կարևորում են նաև հանգամանքը, որ Հայաստանում սեփականաշնորհված հողերի մեծ մասը գրանցված է տղամարդկանց անունով, ինչը պայմանավորված է պատրիլոկալ ամուսնությունների տարածվածությամբ (երբ հարսը տեղափոխվում է ամուսնու ծնողների տուն) և հողը տղա երեխային ժառանգելու ավանդույթով։ Սրա հետևանքով գյուղատնտեսության ոլորտում կանանց ձայնի լսելիությունը խիստ սահմանափակվում է և, ինչպես և կրթության գործոնի դեպքում, նվազում է ոլորտում որոշումների վրա կանանց ունեցած ազդեցությունը։ Արդյունքում, տղամարդիկ ընկալվում են որպես տնային տնտեսությունների գլխավորներ և սեփականության տիրապետողներ, իսկ կանայք հիմնականում դիտարկվում են որպես «ֆերմերի կին»՝ որպես ինքնուրույն ֆերմեր ընկալվելու փոխարեն։

Ըստ այդմ, զեկույցում առաջարկվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արձագանքել հատկապես ընտանեկան ֆերմաներում զբաղված կանանց սոցիալական պաշտպանությանը, նախատեսել թե՛ համայնքային, թե՛ կենցաղային ենթակառուցվածքների բարելավում գյուղական բնակավայրերում, ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ծրագրերի շրջանակներում գյուղի կանանց տրամադրել տեղեկատվություն հողի օգտագործման և սեփականության իրավունքի մասին, կին ֆերմերների համար ապահովել տեղեկատվական ու խորհրդատվական ծառայությունների հասանելիությունը։

Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, աշխարհի տարբեր երկրներում իրականացրած հետազոտությունների, գենդերային հավասարությունը աղքատության և սովի վերացման բանալի է։ Մեր հետագա հրապարակումներում կանդրադառնանք Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց մյուս խնդիրներին ևս։

uicarmenia.org



Նման նյութեր