Հանրապետության Նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 23 երկրից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, միջոցառումը կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո:
Առաջնությանը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլ հանրահայտ գիտակներ: Հայաստանի Հանրապետությունը առաջնությանը ներկայացված է հինգ թիմով: Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում:
Նախքան միջոցառման մեկնարկը՝ Հանրապետության Նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին: