«Երևանի գինու օրեր». քաղաքի տոնական տրամադրությունն ու հայտնի հյուրերը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երևանի գինու օրեր». քաղաքի տոնական տրամադրությունն ու հայտնի հյուրերը՝ ֆոտոշարքով

Մի քանի տարի է՝ Սարյան փողոցը Երևանի լավագույն անկյունն է գինի խմելու և երեկոն վայելելու համար։ Գինի խմելու տեղն այս օրերին անփոփոխ է, միջավայրն է ուրիշ. Սարյան փողոցում ամենուր երաժշտություն է, գինու լայն տեսականուց բացի առաջարկվում է մսի տեսականի և ասեղ գցելու տեղ չկա բառիս բուն իմաստով. մայիսի առաջին հանգստյան օրերն են, ինչը նշանակում է, որ մեկնարկել են «Երևանի գինու օրերը»։

Tert.am Life-ը ներկայացնում է «արբեցնող» միջոցառման հետաքրքիր դրվագներն ու ֆոտոշարքը։

Սարյան փողոցում ավելացող գինետներն այն դարձրին գինի խմելու լավագույն տեղը, դե իսկ արդեն երրորդ տարին անցկացվող «Երևանի գինու օրեր» միջոցառումը հարցրել է դառնալ տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը, որը ոչ միայն երևանցիներին է տոնով ապահովում, այլև քաղաք է բերում բազմաթիվ զբոսաշրջիկների։ Քաղաքային տոնից հետ չեն մնում նաև շոու բիզբեսի հայտնի մարդիկ և քաղաքական գործիչները, որոնց կտեսնեք մեր ֆոտոշարքում։

Այս տարի միջոցառման ուղին երկարել էր՝ Սարյան-Պուշկին խաչմերուկից ձգվում էր մինչև Սարյան-Բաղրամյան խաչմերուկ։ Չնայած դրան՝ տեղաշարժվելը կրկին բարդ էր, փողոցը չափազանց մարդաշատ էր։ Սրճարանների կողքին տեղադրված էին սեղաններ, որոնց շուրջ, սակայն, հասցրել էին նստել միայն ամենապարտաճանաչները. նրանք, ովքեր վաղ էին եկել միջոցառմանը։ Երեկոյան Սարյանում տեղ գտնելու մասին երազելը մեծ ռոմանտիզմ էր պահանջում։

Փողոցում շարժվելն ավելի բարդացավ, երբ ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Նրանք եկան ուշ երեկոյան, գինի խմեցին և, իհարկե, սելֆիներ արեցին ցանկացողների հետ։

«Երևանի գինու օրերի» երաժշտական մասն այս տարի ապահովում էին մեծ մասամբ ոչ հայտնի բենդերը, որոնք նվագում են ակումբներում, բայց հարթակ չունեն հեռուստատեսությունում։ Սարյանի երկայնքով հնչում էր տարբեր ոճերի երաշտություն, փոքրիկ բեմերից բացի երաժիշտները նվագում էին մարդկանց կամայական խմբերի մեջ։ Չնայած մարդաշատ փողոցին՝ երիտասարդները տարածք գտնում էին նաև պարելու և լիցքաթափվելու համար։

Հայկական գինու տեսականին լայն է, զբոսաշրջիկները ձեռնունայն չեն հեռանում, ոչ միայն տեղում են վայելում հայկական գինին, այլև գնում են իրենց հետ տանելու համար։

 

life.tert.am