Մայիսի 4-ին Թուրքիայում առաջադեմ մտավորականության կողմից նշվում է որպես Դերսիմի բնակիչների կոտորածի օր։ 1937թ. հենց այս օրը Թուրքիայի կառավարությունը որոշում ընդունեց վերջնականապես ճնշել դերսիմցիների իբր թե «ապստամբությունը»։ Իրականում նպատակը Դերսիմի կիսանկախ զազա ցեղերին հնազանդեցնել էր։ Այս իրադարձությունը կարևոր է մեզ՝ հայերիս համար նաև այն պատճառով, որ Դերսիմում էին Հայոց ցեղասպանության հիմնական փուլից (1915-1923թթ.) հետո ապաստան գտել բազմաթիվ հայեր։
Դերսիմի նահանգն ընկած է Բարձր Հայքի արևմտյան մասում` Էրզրումի, Խարբերդի և Տիգրանակերտի միջև: Ըստ վիճակագրական աղբյուրների` Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին բնակչության թիվը հասել է 200 հազարի, որի 45 %-ը կազմել են հայերը, իսկ մնացածը` ալևի քրդերը և զազաները, որոնք հայերի հետ ապրում էին հաշտ ու խաղաղ: Պետք է նշել, որ Դերսիմի ընտրությունը պատահական չէր` Դերսիմն այն եզակի շրջաններից էր, որ 1915 թ. ցեղասպանության ժամանակ ապաստան տվեց թուրքական յաթաղանից մազապուրծ հազարավոր հայերի: Այնպես որ Դերսիմի հարցը թուրքական կառավարության համար նաև «հայկական բաղադրիչ» ուներ: Դեռևս 1921 թ. գարնանը թուրքական կառավարությանը հաջողվեց ճնշել առաջին խռովությունը Քոչքիրի-Դերսիմ շրջանում, սակայն այն չկարողացավ ամբողջովին իրեն ենթարկել Դերսիմի ցեղերին: 1930-ական թթ. սկզբներին դերսիմցիներին վերջնականապես հպատակեցնելու նպատակով թուրքական իշխանությունները որոշեցին օգտագործել վերաբնակեցման մասին օրենքը: Դերսիմցիները պետք է տեղահանվեին և վերաբնակեցվեին Փոքր Ասիայի արևմտյան տարբեր շրջաններում, իսկ «քրդաթափ»շրջաններում բնակություն էր հաստատելու Բալկաններից ներգաղթած թուրքական տարրը:
Բացի դրանից, ցեղերի ողջ անշարժ գույքը բռնագրավվելու և բաժանվելու էր Բալկաններից ներգաղթած թուրքերին: Այս քայլով կառավարությունը ջանում էր մի կողմից` երկրի արևելյան շրջանները բնակեցնել «հուսալի թուրքական տարրով», իսկ մյուս կողմից` կանխել քրդական նոր հնարավոր ապստամբությունները: Այդ ծրագիրը Դերսիմում կամ, ինչպես քեմալականներն էին վերանվանել, Թունջելիում մեծ հուզումների տեղիք տվեց: Շուտով ողջ Դերսիմը հայտնվեց ապստամբության կրակի մեջ: Այն ղեկավարում էր Սեյիդ Ռըզան, ով տարածաշրջանի մեծ հեղինակություն ունեցող ալևի ցեղապետերից էր: 1936 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկությամբ Դերսիմի հարցը մտցվում է ԹԱՄԺ-ի փակ նիստի օրակարգ: 1936 թ. նոյեմբերի 1-ին ԹԱՄԺ-ի բացման ժամանակ Աթաթյուրքը Դերսիմի վերաբերյալ իր զեկույցում ասաց. «Մեր ներքին գործերի մեջ ամենակարևորը Դերսիմի խնդիրն է: Անհրաժեշտ է ամեն գնով արմատախիլ անել այդ սարսափելի թարախակույտը: Այս հարցի վերաբերյալ շտապ միջոցներ ձեռնարկելու համար կառավարությունն օժտված է լայն իրավասություններով»:
Ավելի մանրամասն՝ varuzhan.me կայքում