ՀՀ կառավարությունն առաջարկում է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը մինչև 2020թ. ազատել ավելացված արժեքի հարկից: Մայիսի 8-ին ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Քննարկվող նախագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածում ավելացված արժեքի հարկից ազատվողների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը և օտարումը մինչև 2022-ի հունվարի 1-ը: Նախագծի նպատակը բնապահպանական է՝ միտված շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը»,- ներկայացրեց Գրիգորյանը:
Նա նշեց, որ նախագիծը, սակայն, ունի նաև մի քանի այլ ազդեցություններ: Մասնավորապես, դրա ընդունումը կխթանի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև նախադրյալ կստեղծի բարձր տեխնոլոգիական զարգացման համար և հնարավորություն կտա գիշերային ու ցերեկային ժամերին արտադրված էլեկտրաէներգիայի առավել հարմարավետ բաշխում ունենալ:
Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ, նախորդ երկու տարում ներմուծված էլեկտրամեքենաների քանակը սահմանափակվել է 2-3 տասնյակով՝ ի տարբերություն եվրոպական և մեր հարևան բազմաթիվ երկրների: