Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը Մադրիդի մրցաշարի երրորդ շրջանում 6-0, 4-6, 7-6 (7-3) հաշվով առավելության է հասել ֆրանսիացի Գաել Մոնֆիսի նկատմամբ՝ տոնելով պրոֆեսիոնալ կարիերայում 1200-րդ հաղթանակը։
Թենիսի նորագույն ժամանակաշրջանում տոնած հաղթանակների քանակով Ֆեդերերը երկրորդն է և զիջում է միայն ամերիկացի Ջիմի Կոնորսին, որը կարիերայի ընթացքում 1274 հաղթանակ է տոնել։ Ֆեդերերից հետո այժմ հանդես եկող թենիսիստներից լավագույն արդյունքն ունի իսպանացի Ռաֆայել Նադալը՝ 963 հաղթանակ։
Մոնֆիսի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ Ֆեդերերը բարելավել է ևս երկու ցուցանիշ։ Շվեյցարացին հաղթել է այն բոլոր խաղերում, որոնցում սեթերից մեկում առավելության է հասել 6-0 հաշվով։ Ֆեդերերը նմանատիպ 87 հաղթանակ է տոնել։ Բացի այդ, սա Ռոջերի 30-րդ հաղթական խաղն էր, որի հենց առաջին սեթում թենիսիստն առավելության է հասնում 6-0 հաշվով։