Տուրքը թանկ է, էլեկտրամոբիլ ներկրեք. անցնող շաբաթվա ընթացքում կայացած ամփոփիչ ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես փարատեց ավտոմեքենաների թանկացումից անհանգստացած քաղաքացիներին։
Բանն այն է, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ավտոմեքենաների մաքսազերծման ԵԱՏՄ դրույքաչափերը։ Եթե այսօր 1,5-1,8 լիտր շարժիչի ծավալով, 7 և ավելի տարեկան շահագործված մեքենաները Հայաստան են հասնում 3 – 3,5 հազար դոլարով, ապա հաջորդ տարվանից ներկրողները ստիպված կլինեն շարժիչի ծավալի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրի դիմաց 1,6 եվրո վճարել։ Ասել է, թե 1,5 լիտրաժով ավտոմեքենայի մաքսատուրքը կկազմի 2 400 եվրո։ Այլ կերպ ասած` մաքսատուրքը գրեթե կհավասարվի ավտոմեքենայի նախնական արժեքին։
Հիմա դիտարկենք այն, ինչ էժան ավտոմեքենա գնել ցանկացողներին առաջարկում է վարչապետ Փաշինյանը։
21-րդ դարի ավտոմեքենան` էլեկտրամոբիլն այսօր Հայաստանում արժե նվազագույնը 7-8 հազար դոլար։ Այս արժեքն ունեն 2011-12թթ արտադրության, միջինը` 60 000 կմ վազքով էլեկտրամոբիլները։
Ընդ որում, էլեկտրամոբիլների վաճառքի խթանման քաղաքականություն են որդեգրել արդեն նաև բանկերը և վերոհիշյալ ավտոմեքենաների գնման համար քաղաքացիներին արտոնյալ վարկեր են առաջարկում։
Էլեկտրամոբիլների ներկրմամբ զբաղվող Արա Խաչատրյանի խոսքով` մարդիկ 2-3 հազար դոլար կանխավճար ունենալով` կարող են մնացած գումարն ամիսը 60-70 հազար դրամ մարման գրաֆիկով վճարել։
Ավելի թանկարժեք մոդելները, օրինակ` 5 տարի շահագործված Chevrolet Volt–ը շուկայում արժե շուրջ 15-20 հազար դոլար։ Իսկ, ասենք, նոր Nissan-Leaf–ը Հայաստանում վաճառվում է 35 000 դոլարով, Եվրոպայում` 30 000։
Այսպիսով, փաստորեն, կառավարությունը թանկարժեք ավտոմեքենա գնելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին առաջարկում է 3000 դոլարանոց ավտոմեքենան փոխարինել առնվազն 7000 դոլարանոց էլեկտրամոբիլով։ Դրա համար որպես խրախուսում գործադիրը էլեկտրամոբիլ ներկրողներին ազատում է նաև ԱԱՀ–ից, բայց մաքսազերծման վճարներն ու բնապահպանական հարկը` արժեքի 2-4 տոկոսի չափով, դեռ պահպանվում են։
«Գաղտնիք չէ, որ մեր երկրում օգտագործված մեքենաներն ավելի շատ պահանջարկ ունենք, քան նորերը։ Դա արդեն մարդկանց սոցիալական վիճակից է գալիս։ Էլեկտրամոբիլների դեպքում, քանի որ մենք նաև երաշխիքային սպասարկում ենք առաջարկում, օգտագործված մեքենաներն ավելի ձեռնտու է ձեռք բերել»,– ասում է Արա Խաչատրյանը։
Էլեկտրամոբիլների օգտին բերվող երկրորդ ծանրակշիռ փաստարկն այն է, որ դրանց շահագործումը գրեթե անվճար է։ Խաչատրյանի հաշվարկով` 100 կմ տարածություն անցնելու համար էլեկտրամոբիլին շուրջ 500 դրամի լիցքավորում է անհրաժեշտ։
Համեմատության համար նշենք, որ միջին հզորությամբ շարժիչով աշխատող ավտոմեքենան 100 կմ-ի վրա ծախսում է շուրջ 10 լիտր բենզին (4400 դրամ), գազով աշխատող ավտոմեքենան նույն տարածության համար ծախսում է 7-8 կգ գազ (2160 դրամ)։
Ընդ որում, էլեկտրամոբիլներն այսօր մեր երկրում լիցքավորվում են բնակարանային հոսանքից` 220 կՎ լարմամբ, և դրանց լիցքավորումն արժե այնքան, որքան սպառողներին մատակարարվող հոսանքի գինը։ Բայց այս ոլորտի զարգացմամբ հետաքրքրված մեր զրուցակիցը նշում է, որ առաջիկայում ծրագրում են անվճար լիցքավորման կետեր տեղադրել հանրային վայրերում, նաև բազմաբնակարան շենքերի բակերում։ Այս դեպքում արդեն ավտոմեքենան հնարավոր կլինի լիցքավորել անվճար։
Մեկ լիցքավորմամբ էլեկտրամոբիլով հնարավոր է շուրջ 120 կմ տարածություն անցնել։ Իսկ մեքենայի վազքը կրկնակի ավելացնելու համար մասնագետներն առաջարկում են դրանում լրացուցիչ մարտկոց տեղադրել, ինչը կարժենա 2000 դոլար, բայց մեքենայի վազքը մեկ լիցքավորման դեպքում կրկնակի կավելացնի։ Այսինքն` վերոհիշյալ ամենաէժան` 7-8 հազար դոլարանոց ավտոմեքենայի գինը կբարձրանա ևս 2000–ով։
Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին, այդ թվում`մայրաքաղաքում առայժմ էլեկտրամոբիլների լիցքավորման ոչ մի կետ չկա, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում երկար ճանապարհորդության մեկնող վարորդների համար։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am