
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց նոր զանգահարեց Ռուսաստանի նախագահի նախկին հատուկ ներկայացուցիչ, 1994-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը և ջերմորեն շնորհավորեց ղարաբաղյան հակամարտության զինադադարի 25-ամյակի կապակցությամբ, խնդրեց իր ամենաջերմ մաղթանքները և շնորհավորանքները փոխանցել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերհիշեցինք դեպի զինադադար անցած ծանր ճանապարհը։
Անկեղծ խոստովանեց, որ զինադադարի կնքման պահին վստահ չէր, որ այն երեք ամսվանից երկար կյանք կունենա, բայց հիմա համարում է այն պատմական իրադարձություն, որ փրկեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը և Լեռնային Ղարաբաղին հաստատեց որպես հակամարտության և բանակցությունների լիիրավ կողմ։
Խոսեցինք նաև այսօրվա ընթացքի մասին։ Կազիմիրովին հարգում եմ որպես ծանրակշիռ դիվանագետի, որը մեծ աշխատանք կատարեց զինադադարի իրականացման և խաղաղության համար։
Նա այսօր էլ շատ լուրջ դեր է կատարում ադրբեջանական պրոպագանդայի կեղծիքները բացահայտելու գործում»։