Օրերս Politik.am-ը գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ժամանակին Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաների մասնակից է եղել, նա ու իր ընկերը չորս տարի առաջ դեսպանատան առաջ փորձել են այրել ՌԴ պետական դրոշը, իսկ երբ ոստիկանները փորձել են կանխարգելել այն, Գևորգյանը ՌԴ դրոշը նետել է գետնին և կոշիկները սրբել վրան։
Tert.am-ի հետ զրույցում մարզպետը հերքել է մեր հրապարակումը՝ ասելով․«Հոդվածում գրվածն իրականությանը չի համապատասխանում, ես երբեք ՌԴ֊ի նկատմամբ այդպիսի դիրքորոշում չեմ ունեցել ու չունեմ։ Իսկ թե այսպիսի հոդված գրելը ինչ նպատակ ունի և ինչ է նշանակում, գնահատականը երեկվանից տալիս են հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ։
Դիտարկմանը, թե տեսանյութեր ու նկարներ կան, նա արձագանքեց, որ նման տեսանյութ ու նկարներ չկան, որտեղ ինքը դիրքորոշում է հայտնում կամ դրոշ տրորում։
Մարզպետի անպատասխանատու հայտարարությունը մեզ ստիպեց մի փոքր էլ ուսւոմնասիրել համացանցի բաց աղբյուրներում առկա տեսանյութերը։ Եվ ահա գտնվեցին կադրեր, որտեղ ակնհայտ է, որ ՌԴ դրոշը տրորղը հենց գործող մարզպետն է։ Մարզպետը ակնհայտ ստում է և փորձում է մեղադրել լրատվամիջոցին։ Ներկայացված փաստերից հետո, կարծում ենք, ևս մեկ անգամ նա պետք է պարզաբանմամբ հանդես գա։