Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել Վրաստանում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ նիստին ընդառաջ:
Ներկայացնում ենք Վահե Էնֆիաջյանի խոսքը.
«Վրաստանում մեկնարկեց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի՝ տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի հիսուներկուերորդ նիստը:
Նիստը նախագահելու պատիվն ունենալով հանդերձ` առանձնակի կարևորում եմ խորհրդարանական դիվանագիտության բազմաճյուղ գործիքակազմը, որը համագործակցության լայն հարթակ է ձևավորում:
Առաջնահերթությունները չեն փոխվել: Երկրի շարունակական զարգացման և հզորացման համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:
Ակնհայտ է, որ մեզ անհրաժեշտ է հզոր և մրցունակ տնտեսություն:
Ժամանակակից աշխարհում տնտեսական միջազգային դինամիկան լուրջ գործընթաց է, որին օրենսդիր մարմինը պետք է մշտապես պատրաստ լինի և արագ արձագանքի իրադարձությունների զարգացմանը:
Նմանօրինակ բարձր հարթակներում խորհրդարանական երկխոսությունները հնարավորություն են ստեղծում իրավական առավել ճկուն դաշտ ձևավորելու համար:
Վստահ եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը ոչ միայն օրենսդիր, այլև քաղաքական շփումների մեծ պլատֆորմ է, որը պետք է կիրառել առավել բարձր արդյունավետությամբ»: