Գավառի պետական համալսարանի ղեկավարությունը պետական ու մասնավոր ներդրողներին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովում ներկայացրել է համալսարանի հյուրատուն- բիզնես կենտրոնի ստեղծման ներդրումային առաջարկ, որը կյանքի կոչելու դեպքում, բացի մի շարք խնդիրների կարգավորումը, զարգացում կապրեն մարզի կրթական, տնտեսական ու զբոսաշրջային ոլորտները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, իրենց ուսանողները Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից, այլ մարզերից եւ մայրաքաղաքից են, ովքեր հանրակացարանի կարիք ունեն։ Նրանք հարկադրված բնակարան են վարձակալում Գավառ քաղաքում կամ ամեն օր երթեւեկում տարբեր ավտոմեքենաներով, քանի որ մարզում չի գործում կանոնավոր տրանսպորտային ցանց։ Հատկապես ձմռան ամիսներին դժվարանում է ուսանողների, ինչպես նաեւ դասախոսների տեղաշարժը։
Համալսարանի դասախոսների մի մասն ապրում է Երեւանում։ ԳՊՀ-ում աշխատելու նպատակով նրանք շաբաթվա երեքից չորս օրն անցկացնում են Գավառում։ Դասախոսներն աշխատանքից հետո հանգստի, գիտական-հետազոտական գործունեության եւ գիշերակացի հարմարավետ պայմանների կարիք ունեն։ Համալսարանը միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցում է եվրոպական մի շարք բուհերի հետ, իրականացնում ուսանողների եւ դասախոսների ակադեմիական շարժունության ծրագրեր, կազմակերպում միջազգային աշխատաժողովներ ու գիտաժողովներ, հյուրընկալում օտարերկրացի գործընկերների եւ ուսանողների, որոնք նույնպես պատշաճ հյուրանոցի կարիք ունեն։ Համալսարանի հետ համագործակցող բազմաթիվ կազմակերպությունների պատվիրակներին, բուհի ամենամյա գիտաժողովի մասնակիցներին, Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովներին մասնակցող ուսանողներին, ԳՊՀ տուրիզմի կենտրոնի շահառուներին եւս պետք է ապահովել հյուրատնով։
Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է ԳՊՀ-ի չօգտագործվող մասնաշենքը վերապրոֆիլավորել հյուրատան, միաժամանակ՝ բիզնես կենտրոնի։ Մասնաշենքը ֆիզիկապես եւ բարոյապես մաշված վիճակում է եւ լուրջ ֆինանսական ներդրում է պահանջում։ Հիմնանորոգման դեպքում շենքն իր կցակառույցներով կարող է միաժամանակ ծառայել եւ՛ որպես ԳՊՀ ուսանողների, դասախոսների, օտարերկրացի սովորողների ու մասնագետների, քաղաք այցելած հյուրերի ու զբոսաշրջիկների հյուրատուն, եւ որպես բիզնես կենտրոն։ Ակնկալում ենք ֆինանսական ներդրում միաժամանակ թե՛ կրթության եւ թե՛ զբոսաշրջության ոլորտներում, քանի որ ԳՊՀ հյուրատան բիզնես կենտրոնի հիմնանորոգումը կնպաստի Գեղարքունիքի մարզում համալսարանի կողմից մատուցվող բարձրագույն մասնագիտական կրթական ծառայությունների բազմազանեցմանը, հեռավոր մարզերից եւ այլ երկրներից ուսանողների ներգրավմանը, ինչպես նաեւ կխթանի զբոսաշրջության զարգացմանը, հյուրանոցային ծառայությունների եւ անհրաժեշտ այլ ենթակառուցվածքների ընդլայնմանը, զբոսաշրջային միջավայրի բարելավմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 495 միլիոն դրամ, որից 355 միլիոն դրամն ակնկալում ենք պետությունից եւ մասնավոր ներդրողից, իսկ 140 միլիոն դրամը կլինի համալսարանի ներդրումը՝ 100 միլիոն ՀՀ դրամը՝ շինությունների արժեքի և 40 միլիոն դրամը՝ միջազգային ծրագրերի միջոցներով ձեռք բերված տեխնիկայի ձեւով։
Զբոսաշրջային ծառայությունների շուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտի զարգացման համար պահանջվում են բարձրակարգ հյուրանոցներ, հարմարավետ եւ մատչելի հյուրատներ, ռեստորաններ ու սրճարաններ, ժամանցի վայրեր, արագ ու որակյալ սպասարկում, բարեկարգ ճանապարհներ, համապատասխան այլ ենթակառուցվածքներ, սակայն ՀՀ Գեղարքունիքի մարզում բավարար չէ հյուրանոցների թիվը, ինչը չի նպաստում զբոսաշրջության ծավալների աճին։ Մարզն ունի թե՛ բնական, թե՛ պատմամշակութային առանձնահատուկ գրավչություն։ Սակայն Հայաստանի հյուրանոցներին վերաբերող համացանցային կայքում նշված է, որ Գեղարքունիքի մարզում առկա է յոթ հյուրանոց, այն դեպքում, որ Գեղարքունիքն իր տարածքով Հայաստանի Հանրապետության ամենախոշոր մարզն է։ Գավառը, լինելով մարզկենտրոն, նշված կայքում գրանցված հյուրանոց չունի։ Շուկան թելադրում է հյուրանոցային ցանցի ստեղծման պահանջ։ Մի քանի հյուրանոցների առկայության եւ գործունեության դեպքում ոլորտում կառաջանա առողջ մրցակցություն։ Միաժամանակ, կստեղծվի բազմագործառութային գործարար կենտրոն, որը հանդես կգա որպես բիզնես ինկուբատոր, մարզի փոքր ու միջին ձեռնարկատերերին կցուցաբերի տեղեկատվական, մասնագիտական աջակցություն, իրավական, տնտեսական խորհրդատվություն, կմատուցի հաշվապահական հաշվառման ծառայություններ։ Ծրագիրը կներառի գրասենյակային հարկաբաժին՝ առանձնացված տարածք, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հատուկ պատվերների կատարման եւ ‹‹կանչի›› սենյակներ, կստեղծվեն զբոսաշրջային գործակալություն, փոքր տպագրատուն, ինչպես նաև տեխնիկապես զինված, միջազգային չափանիշներով ձեւավորված ու կահավորված մեծ ու փոքր դահլիճներ, որոնք կծառայեն համաժողովների, աշխատաժողովների, գիտական կոնֆերանսների անցկացման համար։ Կլինեն նաև ընդունելությունների սրահ, գործնական հանդիպումների համար նախատեսված աշխատասենյակներ։
ԳՊՀ հյուրատունը կներառի 44 հյուրասենյակ, մարզասրահ, ժամանցի կենտրոն, ‹‹խելացի›› սրճարան, ճաշարան, որը կառաջարկի ազգային կերակրատեսակներ, Գավառին բնորոշ խորտիկներ, պահանջարկ վայելող տարբեր ուտեստներ։ Համապատասխանաբար կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Ճաշարանին էկոլոգիապես մաքուր մթերքներ կմատակարարեն տեղի արտադրողները։
Հյուրատունը եւ բիզնես կենտրոնը համալսարանի ուսանողների համար կծառայեն որպես բազային կառույցներ։ Սովորողները կարող են այդտեղ անցկացնել իրենց պրակտիկաները, զարգացնել գործնական գիտելիքներն ու կարողությունները, ունենալ աշխատանքի հնարավորություններ։
Հյուրատան-բիզնես կենտրոնի հիմնանորոգման ներդրումային ծրագիրը ֆինանսավորող անձինք կունենան երաշխավորված շահույթ ստանալու հնարավորություն, ինչպես նաև հատուկ հյուրասենյակներ՝ իրենց հայեցողությամբ օգտագործելու նպատակով։ ԳՊՀ հյուրատուն-բիզնես կենտրոնը Գեղարքունիքի մարզի հյուրանոցային ծառայությունների շուկայում տեղ զբաղեցնելու եւ զբոսաշրջիկներ ներգրավելու համար կվարի ակտիվ մարքեթինգային քաղաքականություն։ ԳՊՀ հյուրատան մարքեթինգային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը կաջակցեն Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժինը, ինչպես նաև տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը՝ կիրառելով պրոֆեսիոնալ մարքեթինգի մեթոդաբանությունը, սկզբունքներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Կաջակցի նաև ԳՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը։ Կնախագծվի ԳՊՀ հանրակացարան-հյուրատան համացանցային բազմագործառութային կայք։ Նշված կայքը կունենա սենյակների ամրագրման, պատվերների ընդունման, հետադարձ կապի եւ այլ հնարավորություններ։ Տեղեկատվությունը հասանելի կլինի թե՛ հայ, թե՛ այլազգի զբոսաշրջիկներին
ԳՊՀ հյուրատան-բիզնես կենտրոնի գործունեությունը պայմանավորված կլինի Հայաստանում և, մասնավորապես, Գեղարքունիքի մարզում զբոսաշրջության զարգացման տեմպերով։ Զբոսաշրջիկների աճն ինքնըստինքյան հանգեցնելու է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշների բարելավմանը, ավելացնելու է առևտրաշրջանառությունը, խթանելու է տրանսպորտի եւ կապի, սպասարկման եւ ծառայությունների ոլորտները, աշխուժացնելու է սրճարանային եւ ռեստորանային բիզնեսը, նպաստելու է ընտանեկան բիզնեսի, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ակտիվացնելու է կյանքը մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում, ստեղծելու է բազմամշակութային հաղորդակցության հարթակ, մեծացնելու է Գեղարքունիքի մարզի և Հայաստանի ճանաչելիությունը։
Խոսրով Խլղաթյան