ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի քաղաքական կենսագրության ուսումնասիրությունը շատ բան է պատմում նրա ներկայումս դրսևորած վարքագծի, իրար անընդմեջ հակասող հայտարարությունների և ընդհանրապես նրա քաղաքական սկզբունքների մասին։
Կարապետյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 1995 թվականից։ Իսկ դիվանագիտական առաջընթացը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Շուրջ 10 տարի աշխատելով ՀՀ ԱԳՆ Վարդան Օսկանյանի թիմում՝ Կարապետյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Մինչև 1999 թվականը նրա հիմնական գործառույթներն առնչվել են ԱՊՀ-ի հետ։
Կարապետյանն իր մամուլի խոսնակի կարիերան էլ է սկսել Օսկանյանի թիմում՝ սկզբում ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետի, ապա ՀՀ ԱԳՆ խոսնակի և մամուլի և տեղեկատվության վարչության պետի պաշտոններում։
2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում փետրվարի 25-ին Օսկանյանն ազատել է Կարապետյանին՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտելու հիմնավորմամբ։
Դրանից հետո Կարապետյանը ցանկանում էր վերականգնվել պաշտոնում, ինչի համար դիմել էր դատարան։ Նա հայտարարում էր, որ օրենք չի խախտել, և իր դիրքորոշումը համընկնում է Օսկանյանի և ժամանակի իշխանությունների դիրքորոշումների հետ։
Այնուամենայնիվ, Կարապետյանին չի հաջողվում վերականգնվել իր պաշտոնում, և նա նույն թվականին միանում է Հայ Ազգային Կոնգրեսին և զբաղեցնում արտաքին հարաբերությունների պատասխանատուի պաշտոնը։
10 տարի Օսկանյանի հետ ճանապարհ անցած և իր քաղաքական առաջին քայլերն արած պաշտոնյան, ով անգամ պաշտոնից ազատվելուց հետո պատրաստ էր վերադառնալ ու շարունակել աշխատանքը Օսկանյանի հետ՝ 2009թ.-ին արդեն նրան համարում էր 2008թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական պատասխանատուներից մեկը։
Հայ Ազգային Կոնգրեսի անդամի կարգավիճակում Կարապետյանը լծվում է ժամանակի իշխանություններին քննադատելու գործին, հատկապես արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված հարցերում։ Այս ընթացքում Կարապետյանը հասցնում է մի քանի անգամ դիրքորոշումներ փոխել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ իշխանությունների վարած քաղաքականության և հիմնահարցի լուծման մասով։
Օրինակ՝ 2012թ.-ին Կարապետյանը գտնում էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո մեզ համար ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. «Մենք չկարողացանք օգտվել Կազանի ձախողումից և հատկապես Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքից»,- նշում էր Կարապետյանը։ «ԱԳՆ էդվարդ Նալբանդյանը չի ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին հայկական դիրքորոշումը, և փաստաթուղթը հրապարակվել է առանց մեր առաջարկների»,-հավելում էր նա։
Կարապետյանը նշում էր նաև, որ Եվրոպական միությունը հայտարարում է, որ սեղանի վրա կրկին դրված է Մադրիդյան փաստաթուղթը։ «Այսինքն 2007 թվականից որևէ փոփոխություն չկա։ Այն հին փաստաթուղթը, որը ներկայացվել է 5 տարի առաջ, հիմա էլ սեղանի վրա է»,- նշում էր Կարապետյանը։
Սակայն դրանից 5 տարի անց՝ 2017 թվականին՝ ԱԺ խորհրդարանական հերթական ընտրությունների ընթացքում, Կարապետյանը Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը համարելու էր ԼՂ հակամարտության միակ լուծումը և խաղաղության հասնելու հիմնական միջոցը։ Վլադիմիր Կարապետյանն արդեն վստահություն էր հայտնում, որ «հենց Մադրիդյան փաստաթղթով նախատեսվում են անվտանգության լայն միջոցառումներ» և նշում անվտանգության ուժեղացման, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ երկաթգծի և ճանապարհների բացման անհրաժեշտության մասին։ 2012թ.-ին իր կողմից քննադատության արժանացած Մադրիդյան սկզբունքների փաստաթղթով 2017թ.-ին Կարապետյանն արդեն հիմնավորում էր մեկ այլ իրականություն, մեկ այլ երկիր ունենալու հնարավորությունը։
Հետաքրքիր է նաև, որ Կարապետյանը, որը ակտիվությամբ քարոզում, պաշտպանում ու հիմնավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած արտաքին քաղաքական և ԼՂ հիմնահարցի լուծման թեզերը և համարում էր, որ միակ քաղաքական ուժը, որ պատկերացում ունի, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես երկարատև խաղաղություն բերել տարածաշրջան, Կոնգրես – ՀԺԿ դաշինքն է, հեշտությամբ դուրս էր գալու ՀԱԿ-ից։
Սակայն առավել հետաքրքրական է այն, որ Կարապետյանը հանգրվանելու էր մի թիմում, որին քննադատում, մեղադրում էր իրենց սկզբունքներին հավատարիմ չմնալու, տարբեր ուժերի հետ համագործակցելու, անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին նմանվելու մեջ։
Եվ այսպես, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների դեբատներից մեկի ժամանակ Վլադիմիր Կարապետյանը, մատնանշելով Արարատ Միրզոյանին, մեղադրում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այն բանում, որ վերջինս մի բան է ասում, հետո փոխում է իր դիրքորոշումը, գնում է մի դաշինքով, ում քննադատել է նախկինում, միգուցե ընտրություններից հետո էլ դաշինք կազմեն այն քաղաքական ուժերի հետ, որոնց շատ խիստ քննադատում են հիմա։ Կարապետյանն իր անվստահությունը հայտնելով նշում էր, որ չի ցանկանում համագործակցել այնպիսի ուժերի հետ, որոնք վաղը գուցե վերանայեն իրենց դիրքորոշումը և համագործակցության գնան այլ ուժերի հետ։ Վերջինս, Արարատ Միրզոյանին մատնացույց անելով, նշում էր, որ Միրզոյանի քաղաքական ուժն այդպես է վարվել։
Ամբողջությամբ՝ antifake.am