Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն աղմկահարույց դեպքի մասին տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավարին, նա էլ խոստացել է ուսումնասիրել թեման։
Թուրքիայում 13-ամյա հայ տղայի՝ ուղիղ եթերում «իսլամ ընդունելու» աղմկահարույց հաղորդումը միայն կրոնական պրոպագանդայի տպավորություն է ստեղծում: Ermenihaber.am-ը տեղեկացնում է, որ այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Պոլսի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Աթեշյանը հայտնել է, որ իր հետ կապ է հաստատել այդ հաղորդումը վարած թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն, որը պնդել է, թե հայ երեխան ինքնակամ է եկել հաղորդման։
«Հաթիփօղլուին ես հայտնել եմ, որ 13 տարեկան երեխան չափահաս չէ և չի կարող կրոնափոխ լինելու որոշում ընդունել: Եթե նույնիսկ մայրը համաձայնություն էլ տա, երեխան չի կարող կրոնը փոխել: Եթե երեխայի հայրը չկա, և ողջ է միայն մայրը, ապա մայրը նույնպես պետք է մուսուլման լինի, և այդ դեպքում երեխան ինքնաբերաբար մուսուլման կհամարվի: Եթե երեխայի հայրը ողջ է և մուսուլման, ապա երեխան այսպես թե այնպես հոր կրոնի ներկայացուցիչ է համարվում: Այսպիսով` այդ հեռարձակումը չի կարող իմաստ ունենալ»,- ասել է Աթեշյանը:
Նրա խոսքով` իրենք նույնիսկ 18 տարեկանից բարձրերին չեն ընդունում քրիստոնեության շարքերում, իսկ եթե պիտի ընդունեն, կանչում են նրա ընտանիքի անդամներին ու գրավոր համաձայնություն ստանում: Ավելին` ընդունելիք կրոնի մասին պատկերացում ունենալու համար 6 ամիս տևողությամբ հոգևոր և բարոյական պատրաստություն է անցկացվում, և վերջում իրականացվող մկրտությունից հետո դիմողը նոր միայն քրիստոնյա է դառնում:
«Մեր համայնքին տեղեկացնում ենք այս գործընթացի վերաբերյալ և խորհուրդ ենք տալիս զարգացումներին հետևել առանց սառնասրտությունը կորցնելու»,- Հաթիփօղլուին հայտնել է Աթեշյանը։
Պատրիարքական ընդհանուր փոխանորդը նշել է նաև, որ այս խնդրի մասին անձամբ տեղեկացրել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշին, որը խոստացել է ուսումնասիրել թեման:
Աթեշյանի տեղեկացմամբ` ինքը մայիսի 14-ին տեղի ունեցած իֆթարի (իսլամական Ռամազան տոնի ամսին տրվող հյուրասիրություն) ժամանակ նույնպես մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս թեմայի վրա: Իֆթարին ներկա փորձառու իրավաբան պրոֆեսոր Քեզբան Հաթեմին պաշտպանել է այն տեսակետը, որ կատարվածը սխալ է։
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ստամբուլում բնակվող 13-ամյա Արթուրը մասնակցել էր թուրք աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդմանը և հայտնել, որ ցանկանում է մահմեդականություն ընդունել: Հաղորդավարը պնդել էր, որ իրենք կապ են հաստատել Արթուրի մոր և խորթ հոր հետ ու ստացել վերջիններիս համաձայնությունը երեխայի կրոնափոխության հարցում:
13-ամյա հայ տղայի՝ Արթուրի մայրը վստահեցրել է, որ տղան կնքված է, և այն, ինչ տեղի է ունեցել եթերում, երեխայական հետաքրքրասիրություն է եղել։