Երևի հետաքրքրասերներին այսպես կարձագանքեր հուշարձանառատ մեր մայրաքաղաքի սիրված արձաններից մեկը՝ «Ջրավաճառ տղան», եթե առհասարակ քանդակները կամ արձանները խոսեին: Իսկ հետաքրքրվելու պատճառ կա. օրերս, երբ մեծ շուքով բացվեց «Երևանի 2800-ամյանի այգին», պարզվեց, որ Խորենացու փողոցի՝ դեպի Շահումյան հրապարակ նայող հատվածից անհետացել է «Ջրավաճառ տղան» արձանը, որ երկար տարիներ էր այդտեղ:
Եթե ավելի բծախնդիր լինենք և օրենքի տառին համահունչ, ապա արձանը կոչվում է «Ջրավաճառ պատանին» կամ «Երևանի սառը ջուր»: Բայց դա այս արձանի տեղաշարժման հետ կապված ամենափոքր հարցն է, ասենք` դա հարց էլ չէ:
Հարցն այն է, որ տվյալ արձանը տեղափոխվել է նորակառույց ու նորաբաց այգու եզրից և վերատեղադրվել ոչ այնքան հեռու՝ «Անգլիական զբոսայգում», Պեպոյի արձանի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միջև եղած տարածքում, ճեմուղու եզրին մոտ:
Այսինքն՝ «վա՜յ, բա «Ջրավաճառ տղայի» արձանն ո՞ւր է, ի՞նչ են արել» ու նման կսկծալի կամ վրդովված բացականչությունների պատճառ, մեծ հաշվով, չկա: Արձանի հետ ոչ մի վատ բան չի կատարվել, այն անվնաս է, ավելին, ասում են՝ ռեստավրացիա արված: Պարզապես վերատեղադրվել է նոր (հին) տեղում:
Այնուամենայնիվ, որոշեցինք գնալ հետքերով: Հարցում ուղղեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Նկատենք, որ բավականին արագ, հաջորդ իսկ օրը՝ մայիսի 15-ին, նաև պատասխան ստացանք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արձանի վերաբերյալ մեր տված հիմնական հարցն հետևյալն էր. «Կոնկրետ այս վերջին տեղափոխությունը ի՞նչ որոշման հիման վրա է իրականացվել, ի՞նչ հիմնավորմամբ, ի՞նչ ծախս է կատարվել այդ նպատակով և ի՞նչ միջոցների հաշվին»:
Քաղաքապետարանից մեզ ուղարկված գրավոր պատասխանն այսպես է ձևակերպված. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ի սկզբանե «Ջրավաճառ տղան» արձանը տեղակայված է եղել այսպես կոչված Անգլիական այգում: Հետագայում այն տեղափոխվել է Շահումյանի անվան հրապարակի եզրամաս՝ օրերս հիմնանորոգումից հետո վերաբացված Երևանի 2800–ամյակի այգու տարածք: Այգու կառուցապատման ժամանակ բարերարների կողմից արձանն իր նախկին տեղը տեղափոխելու խնդիր է դրվել: Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանի 2800-ի այգում ևս տեղ էին գտնելու նոր արձաններ, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն առաջարկել է իր տեղում թողնել կամ նորակառույց այգու որևէ այլ հատված տեղափոխել նաև «Ջրավաճառ տղան» արձանը: Սակայն բարերարն առաջարկը մերժել է, որից հետո հանձնաժողովի որոշմամբ արձանը տեղափոխվել է Անգլիական այգու՝ նախկինում տեղադրված տարածք»:
Ամբողջությամբ՝ armeniaspitnik.am