Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ. Աննա Հակոբյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ. Աննա Հակոբյան

2018 թ. սեպտեմբերի 9-ին ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու։ «Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»,- շեշտեց նա:

Իսկ 2019թ. փետրվարի 8-ին պարզ դարձավ, որ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (քաղաք Հալեպ):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այս հարցի շուրջ հանրային քննարկումներին, հայտարարել է, որ Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելությունը բարոյապես, մարդկայնորեն և քաղաքականապես ճիշտ առաքելություն է:

Մի շարք քաղաքագետների այն պնդումը, որի համաձայն Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ, մեծ ակտիվությամբ հերքվում էր Նիկոլ Փաշինյանի թիմակիցների և իշխանական շրջանակների կողմից։

Հետաքրքիր է, որ այս հայտարարությունից մոտ մեկ տարի առաջ Սիրիա ուղարկվող մարդասիրական առաքելությունը ակտիվ քննադատողների շարքում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Նա «Հայկական Ժամանակ» լրատվականում 2017 թվականի սեպտեմբերի 5-ին հրապարակել էր «Արեւմուտքին մերժել հաջողվեց, իսկ Սիրիայում ՌԴ նոր կոալիցիային Հայաստանը մաս կկազմի՞» հոդվածը, որում մասնավորապես գրել էր. «Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ, ինչը մեր երկրին ընդհանրապես պետք չէ: Մեր պատերազմը մեզ բավարար է, նորերի կարիքն իսկապես չենք զգում: Այնպես որ, եթե դաշնակից երկրների շահերից ելնելով՝ Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից, ապա Սիրիայի նոր կոալիցիայի մաս ընդհանրապես չպետք է կազմի՝ արդեն ոչ թե երրորդ երկրի, այլ բացառապես սեփական շահերից ելնելով»:

Այս հրապարակումից մեկ տարի անց տիկին Աննայի վարչապետ ամուսինը Սիրիա էր ուղարկելու հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը և մեծ ոգևորությամբ ներկայացնելու էր դա որպես իր իշխանության ձեռքբերումներից մեկը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հայկական զորախմբի ներկայությունը սրբազան պարտքի վերադարձ է Սիրիային:  «Ունի՞ ռիսկեր այդ առաքելությունը, թե՝ ոչ: Իհարկե ունի ռիսկեր, բայց արդյոք սա մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային սուբյեկտությունը՝ այո, մեծացնում է: Եվ արդյոք սա բարոյապես, մարդկայնորեն և քաղաքականապես ճիշտ առաքելություն է. այո ես համոզված եմ, որ դա ճիշտ առաքելություն է, այդ թվում՝ իմ ասածի բերումով»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, Աննա Հակոբյանն իր հոդվածում անընդհատ նշում էր, որ Սիրիայում Հայաստանի ներգրավվածությունը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը, ի հակադրություն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի, ով կարծում է, որ դա մեծացնում է Հայաստանի ինքնիշխանությունը։

Արդյո՞ք վարչապետի տիկինը փոխել է իր կարծիքը, արդյո՞ք Իսլամական պետությունն այլևս վտանգ չի ներկայացնում ինքնիշխան Հայաստանի անվտանգությանը, եթե իր կողմից ժամանակին քննադատության արժանացած գործողությունն իրականացվում է իր ամուսնու կողմից։

«Արեւմուտքին մերժել հաջողվեց, իսկ Սիրիայում ՌԴ նոր կոալիցիային Հայաստանը մաս կկազմի՞» հոդվածը ստորև.

antifake.am