
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի նոր էջ Լոռվա պատմությունից. Ախթալայից ոչ հեռու Ափրոյի գոմեր կոչվող գյուղատեղիի տարածքում, մի բլրի գագաթին միջնադարյան գերեզմանոց կա` մեկ ամբողջական և մի քանի կոտրատված խաչքարերով: Երկու մասի կիսված մեկ այլ խաչքար էլ գտնվում է նույն բլրի ստորոտում` հին կածանի եզրին: Ի սկզբանե վերջինս ակնհայտորեն նույնպես եղել է, բլրագագաթին, սակայն հետագայում գլորվել ցած և կոտրվել երկու մասի: Այս խաչքարը, թեʹ իր դիմային մասում, և թեʹ թիկունքին ունի բավականաչափ հետաքրքիր արձանագրություն (վերծանության առաջին փորձը դեռևս 2015թ. կատարել է Վահե Լոռենցը), որը և ներկայացնում եմ ստորև.
Աստվածածի՛ն, բժշկէ տկարաց, պահապան` անդարմանաց եւ բարէխաւս` մեղաւորաց: Տէր աստուած ողորմեայ Դանէլի: // Ի թվին ՉԻԲ (1273), կամաւն աստուծոյ եւ ողորմութեամբ Սուրբ Նշանիս Հաղբատա, ես` Դանէլ եւ Տիրանուն կանգնեցաք զխաչս եւ զմատուռս եւ գնեցաք զէգիս Խ (40) դահեկան` Քաձնի որդեցն, հէրենիք [իմ տանս] սուրբ էկեղեցոյս, [ով ոք] հանել ջանա ի մեծաց կամ ի փոքունց` ՅԺԸ (318)-իցն նզոված է, Ուդաի եւ Կաենի մեղացն տէր է, ամէն»: