Անհրաժեշտ է վերսկսել «Աղբյուր», «Ծիծեռնակ» ամսագրերի, «Կանչ» թերթի ֆինանսավորումը. Թադեւոս Տոնոյան
Advertisement 1000 x 90

Անհրաժեշտ է վերսկսել «Աղբյուր», «Ծիծեռնակ» ամսագրերի, «Կանչ» թերթի ֆինանսավորումը. Թադեւոս Տոնոյան

Մանկապատանեկան ավանդական պարբերականների երեք լխավոր խմբագիրները «Աղբյուր», «Ծիծեռնակ» ամսագրերի, «Կանչ» թերթի պետական ֆինանսավորումը դադարեցնելու  կապակցությամբ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Պատասխանը ստացվել է ԿԳ նախարար Արայիկ  Հարությունյանից:

Նախ՝ խնդիրը հարուցողը հենց ԿԳ նախարարությունն է՝ ի դեմս նախարար Արայիկ  Հարությունյանի, և որքանով է  տրամաբանական, որ նրան է տրվում իր «արարքը» արդարացնելու հնարավորությունը: Ինչևէ, մանկապատանեկան ավանդական պարբերականների երեք գլխավոր խմբագիրների՝ Վարչապետին ուղղված նամակին պատասխանելիս (գրություն հ. 01-15-7375-19, 08.05.2019) հարգարժան ԿԳ նախարարը հարկ է  համարում լրացուցիչ տեղեկացնել, որ բյուջեի մասին օրենքում մանկապատանեկան պարբերականների համար ֆինանսավորում նախատեսված չէ՝ փորձելով արդարացնել գրեթե 100-ամյա ավանդական պարբերականների փակումը:

Կա՞ որևէ լուրջ պատճառ արդեն հայ մշակույթի, գրականության ու կրթության պատմության մի մասը դարձած այս խմբագրությունները փակելու համար: Ոչ: Նախարարը ա՞յս կերպ պետք է հիմնավորի իր քաղաքական որոշումը: Կամ գուցե նրա համար հնաբու՞յր են հնչում այս պարբերականների անվանումները: Տպավորություն կա, որ հարգարժան նախարարը պատմություն ունեցող այս պարբերականները չի ուզում ֆինանսավորել սոսկ իր քիմքին համապատասխան չլինելու պատճառով: Իսկ որ այս պարբերականները, իրոք, ունեն պատմական արժեք, կարելի է համոզվել՝ արխիվային մի շարք նյութեր ուսումնասիրելով և տեսնելով, թե դրանք ինչ բարձր են գնահատել հայ մեծերը՝ Իսահակյանը, Չարենցը, Վախթանգ Անանյանը, Շիրազը, Կապուտիկյանը, Գրիգոր Խանջյանը, Պերճ Զեյթունցյանը, այլք, և ամենևին էլ պատահական չէ, որ հարցի առնչությամբ իրենց խորը մտահոգությունն են հայտնել այնպիսի ազդեցիկ կազմակերպություններ, ինչպիսիք են Հայաստանի գրողների միությունը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, հեղինակավոր թերթեր, հեռուստաալիքներ, այսօր ժողովրդի սերն ու հարգանքը վայելող գրողներ, արվեստագետներ: Մի՞թե կարելի է արհամարհել այս ամենը, մի՞թե կարելի է այսքան անհաղորդ լինել,  անտեսել, չտեսնելու տալ իրականությունը:

Մեզ անընդհատ տարբեր պաշտոնյաներ հորդորում են հարցը իրավական դաշտում քննել: Իհարկե, համաձայն ենք, բայց մի՞թե մեր երկրում իրավունքը նաև բարոյականությունից չի բխում, մենք իրավական, բայց անբարոյակա՞ն երկիր ենք կառուցելու, ինչու՞ ենք իրավականությունը տարանջատում բարոյականությունից՝ փոխանակ դրանք համադրելու:

Օրեր առաջ մամուլով մանկապատանեկան ավանդական պարբերականների խմբագիրները ԿԳ նախարարին խնդրել էին մանկապատանեկան ամսագրեր հրատարակելու  տխրահռչակ տենդերի բովանդակային գոնե մեկ, կրկնում ենք, գոնե մեկ չափորոշիչ վկայակոչել, սակայն… ապարդյուն: Նրա նամակի մեջ նույնպես «օդի մեջ» վկայակոչվում է ինչ-որ բովանդակային չափանիշ, որը տենդերի հրավերի մեջ չկա, չի եղել:

Տենդերի վճռորոշ միակ չափանիշը էժան գինն է եղել: Միակ:

Շեշտենք, որ գոնե մեկ անգամ ԿԳ նախարարությունը մանկապատանեկան այս պարբերականների խմբագրություններին աշխատանքները այլ ձևով, այլ սկզբունքներով կազմակերպելու առաջարկ չի արել, և, բնականաբար, խմբագիրները չեն անտեսել նախարարության պահանջները: Մինչդեռ կուզենայինք նախարարության հետ նախքան ֆինանսավորման դադարեցումը  նման պահանջներ քննարկել: Բայց իզուր: Ի սկզբանե կանխակալ վերաբերմունք է եղել, որը սքողում են իբրև թե մանկապատանեկան մամուլի տպագրության ասպարեզում մրցակցային դաշտ ստեղծելու նպատակադրմամբ: Բայց այս խնդրում, փաստորեն, զավեշտն անպակաս է, քանի որ մինչև այս տարի մանկապատանեկան մամուլին հատկացումներից մասնաբաժին են ունեցել 7 պարբերականներ, իսկ հիշյալ տխրահռչակ տենդեր-մրցույթից հետո՝ 3-4-ը: Այսպես են մրցակցային դաշտ ապահովում, դաշտը կրկնակի նեղացնելո՞վ:

Անցյալ տարեվերջին նախարարի միակ «գործնական» առաջարկը այդ 7-ի փոխարեն 1-ը, բայց լավը տպագրելն էր, ինչը մենք անհնարին համարեցինք՝ հիշեցնելով նախարարին տարիքային ցենզի մասին, որ նպատակահարմար չէ, ասենք, երկրորդ դասարանցու և տասներորդցու համար նույն թերթը կամ ամսագիրը տպագրել: Մենք նույն հանդիպման ընթացքում դարձյալ բարոյական մի քայլ կատարեցինք. ասացինք, որ պատրաստ ենք հրաժարվելու գլխավոր խմբագրի պաշտոնից, միայն թե նախարարությունը պահպանի պարբերականը, տնօրինի և իր ուզած բովանդակությամբ ու ձևով տպագրի: Մեր առաջարկն այս պահին ևս ուժի մեջ է, որպեսզի ոչ ոք չմտածի, որ մենք մեր անձնական շահի համար ենք պայքարում:

Բայց անցնենք խնդրի ԻՐԱՎԱԿԱՆ կողմին: Ախր, այս առումով ևս նախարարությունը ասելիք չունի: Թերևս միայն այն, որ մշտապես մեր վկայակոչած՝ ՀՀ օրենսդիր մարմնի (1990 թ.դեկտեմբերի 27) անվանապես «Աղբյուր», «Ծիծեռնակ» ամսագրերը, «Կանչ» թերթը պետական հովանավորության ներքո առնելու և դրանց պահպանման ու տպագրության ծախսերը հոգալու վերաբերյալ որոշումը, ինչպես մեզ տեղեկացրեց ԿԳ հարգարժան փոխնախարար Լ. Առաքելյանը, այժմ ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ պարզելու՝ այն մինչև այսօր իրավազո՞ր է, թե՞ ոչ:  Անկախ պատասխանից՝ չես կարող հարց չտալ. հարգարժան նախարար, մենք Ձեզ անցյալ տարվա աշնանն ենք ասել այդ որոշման գոյության մասին, Դուք ինչու՞ եք միայն հիմա այդ բանն անում, տրամաբանական չէ՞, որ մինչև այդ որոշման իրավազորությունը պարզելը, այսինքն՝ մինչև այսօր, Դուք պարտավոր էիք ապահովել դրա կատարումը:

Իսկ եթե պարզվի, որ հիշյալ որոշումն այսօր էլ իրավազոր է, ո՞վ է պատասխանտալու այն բանի համար, որ երեխաները արդեն հինգ ամիս է՝ թերթ ու ամսագիր չեն ստանում, խմբագրությունների աշխատակիցները՝ աշխատավարձ: Մեր ըմբռնմամբ՝ որպեսզի անվանապես «Աղբյուր», «Ծիծեռնակ» ամսագրերի, «Կանչ» թերթի պետական հովանավորության մասին որոշումը իրավազորությունը կորցրած համարվի, այն անվանապես  էլ պետք է չեղյալ հայտարարեր հենց նույն օրենսդիր մարմինը, որը այն ընդունել է:

Բայց կա հարցի ևս մեկ ԻՐԱՎԱԿԱՆ կողմ:

Հայաստանի Հանրապետության «Երեխաների իրավունքների մասին» օրենքի (որը Խորհրդարանն ընդունել  է 1996թ. մայիսի 29-ին) 18-րդ հոդվածը ասում է, որ երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով  պետությունը  խրախուսում է ՄԱՆԿԱԿԱՆ ԹԵՐԹԵՐԻ և ԱՄՍԱԳՐԵՐԻ հրատարակումը, ապահովում  դրանց ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ: Այս օրենքը, փաստորեն շրջանցվում է ԿԳ նախարարության կողմից հենց տենդեր հայտարարելու փաստով, տենդեր, որը ոչ թե երեխաների, այլ հենց միայն նախարարության համար է ապահովում ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ (ով ավելի էժան ամսագիր կտրամադրի): ԿԳ նախարարությունը, փաստորեն, օրենքի հիշատակած մատչելիությունը մեկնաբանում է իր օգտին և ոչ թե երեխաների:

Շարունակենք ԻՐԱՎԱԿԱՆ կողմի քննությունը: Եթե, կրկնում  ենք, եթե մինչևիսկ հարգարժան ԿԳ նախարարը հիշյալ մրցույթ-տենդեր-գնումը ներկայացնի որպես երեխաների իրավունքների մասին օրենքի կատարում, ապա պետք է բացատրի, թե ինչու է մրցույթ հայտարարվել միայն ամսագրերի համար, իսկ թերթերի տպագրության պահանջի առումով արհամարհվել նույն օրենքը: Սա ի՞ նչ  կամայականություն է կամ, ավելի ճիշտ, «կապրիզ»:

Ուրեմն,

ա) «Երեխաների իրավունքների մասին» օրենքը,

բ)մանկապատանեկան հիշյալ ավանդական պարբերականները պետական հովանավորության ներքո առնելու օրենսդիր մարմնի որոշումը քի՞ չ են մանկապատանեկան հիշյալ պարբերականների բարձրացրած հարցին՝ ՎԵՐՍԿՍԵԼ «Աղբյուր», «Ծիծեռնակ» ամսագրերի, «Կանչ» թերթի ֆինանսավորումը, դրական լուծում տալու համար:

Հարգարժան նախարարի կարծիքով՝ բյուջեում հատուկ, անվանական նախատեսվա՞ծ են դպրոցականներին թատրոններ և թանգարաններ տանելու ծախսերը, որ դրանք, ուրախալի է, արվում են: Այս դեպքում, իհարկե, նախարարը ճիշտ է անում, որ  մանրախնդրություն հանդես չի բերում բյուջեի նկատմամբ: Եվ որքա¯ն է սխալվում, երբ մանկապատանեկան մամուլի խմբագիրներին «լրացուցիչ» տեղեկացնում է, իբր, բյուջեն մանկապատանեկան պարբերականների համար ֆինանսավորում չի նախատեսում: Հարգարարժան նախարարին ուզում եք ասել, որ ցանկության դեպքում կարող էր և այսօր էլ կարող է գտնել գրեթե 100-ամյա  մանկապատանեկան պարբերականները չփակելու ձևը, նրանց առջև նոր խնդիրներ դնելու միջոցը, եթե, իհարկե, կարծում է, որ դրա կարիքը կա: ՄԵնք կարծում ենք, որ կա, և պատրաստ ենք հանդիպելու և քննարկելու խնդիրը` երեխաներին վերաբերող ողջ մեդիադաշտի ընդգրկմամբ: Բացի այդ՝

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից, պատգամավորներից, համապատասխան հանձնաժողովից ակնկալում ենք՝

ա) հանդես գալ ՀՀ «Երեխաների  իրավունքների մասին» օրենքը, ինչպես նաև ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահության՝ մանկապատանեկան ավանդական մամուլը («Աղբյուր», «Ծիծեռնակ», «Կանչ») պետական  հովանավորության տակ առելու մասին որոշումը կատարելու՝ կառավարությանը, մասնավորապես ՀՀ ԿԳ  նախարարությանը ուղղված պահանջով,

բ) անհրաժեշտության դեպքում  ձեռնարկել քայլեր, ընդունել որոշումներ  արդեն վաղուց մեր երկրի պատմության մի մասնիկը դարձած վերոնշյալ  պարբերականների կենսագործունեությունը ապահովելու, դրանց ֆինանսավորումը հնարավորինս շուտ վերսկսելու համար:

գ) ՀՀ ԿԳ նախարարից պահանջել բուն կրթության, արվեստի այդ թվում  մանկապատանեկան մամուլի տպագրության գործում հրաժարվել շուկայական-առևտրային մոտեցումներից, ամեն տարի կրկնվող տենդերներից, նախընտրել գոնե հնգամյա պայմանագրերի մշակում և կնքում, որպեսզի  հիշյալ ոլորտներում հնարավոր դառնա պետական ռազմավարությունների կայացումը:

«Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր՝

ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ



Նման նյութեր