Լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի վտանգն այս տարի ևս պահպանվում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ջերմատան պայմաններում այսօր որևէ խնդիր չկա, որովհետև բազմաթիվ մեթոդներ կան, որոնցով հնարավոր է կանխել հիվանդությունը, իսկ բաց դաշտի պայմաններում վտանգը պահպանվում է:
«Նոր ծրագիրն արդեն մշակվել է այս օրերին ֆերոմոնային թակարդներն արդեն տեղադրվում են Արմավիրի, Արարատի մարզերում: Մենք կտրամադրենք թակարդները նաև այլ մարզերին: Կշարունակենք վաղ ժամկետում դիտարկումները, բացի այդ մենք նաև պայքարի համալիր միջոցառումներ իրականացնելու համար Ագրարային համալսարանի միջոցով պիլոտային ծրագիր ենք իրականացնում Ոսկետափ և Ակնալիճ համայնքներում, որտեղ լոլիկի բավականաչափ մեծ տարածքներ կան՝ »,- նշեց նա:
Պետրոսյանը հերքեց այն կարծիքները, թե մեկ գործողությամբ հնարավոր է պայքարել այդ վնասատուի դեմ՝ նշելով, որ դա համալիր միջոցառումներ է պահանջում:
«Մենք հորդորում ենք չուշացնել պայքարի միջոցառումները, այլապես ամեն ինչ անիմաստ կլինի»,- հավելեց նախարարի տեղակալը: