ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ «Հայաստանում բիզնեսներ չեն խլվելու» հայտնի հայտարարությունից հետո մեկը մյուսի ետեւից հայտնի դարձան դրան հակառակ օրինակներ: Այս մասին գրում է armtimes.com-ը:
«ՀԺ»-ի խմբագրություն դիմած Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 44-ամյա Հմայակ Մկրտչյանն ահազանգեց, որ «Արմենիկում» ծրագրի ղեկավար Լեւոն Գեւորգյանը խլել է իր բիզնեսը: Հմայակ Մկրտչյանն այժմ Մոսկվայում է բնակվում, ասաց, որ մինչեւ իր խնդիրը լուծում չստանա, չի վերադառնալու:
Իր սեփականությունը խլելու մասին Մկրտչյանը մասնավորապես պատմեց. «Իմ կնոջ՝ Ինա Աբրահամյանի անունով Դալարիկում սեփականություն է եղել 700 քառակուսի նկուղային տարածք մեկ հեկտար հողի վրա: Որոշել էի չրանոց սարքել, գյուղի համար օգտակար մի բան անել, որ գյուղացիները գային, աշխատեին, աշխատատեղ լիներ: 2011-2012-թթ. շինարարությունն արեցի, դրանից հետո՝ 2012-ին, «Արմենիկումի» Լյովային դիմեցի, նրա որդու հետ մոտ հարաբերությունների մեջ էի, ասեցի՝ սենց սեփականություն ունեմ, եկավ նայեց, ասեցի՝ գումար դնի 50/50 աշխատացնենք: Ինքը համաձայնեց: Պայմանավորվեցինք, որ նկուղային տարածքն իմն է, մնացածն էլ ինքը գումար ներդնի, սարքենք աշխատենք: Սարքեցինք, բայց գումարը քչություն արեց: Լյովան ասաց՝ երրորդ ընկեր վերցնենք, որը գումար կբերի, կդնի, կաշխատացնենք: Այդպիսով երրորդ բաժնեմասը ինքը գրեց իր հարսի անունով: Բաժնեմասը սարքեց երեք տեղ: 4 տարի շինարարություն արեցի, երբ արդեն վերջացնում էի՝ ասեց, որ քո բաժնեմասը 10-20 հազարով պետք է վաճառես ինձ, ես չհամաձայնեցի: Ասեց՝ բա չէ, ծախելու եմ, վիճակ չունեմ, պարտքերի մեջ եմ: Ես նորից ասեցի, որ չեմ վաճառելու, նա էլ սպառնաց՝ եթե չէ, ուրեմն ես դա քո ձեռքից կխլեմ»:
Լեւոն Գեւորգյանը, ինչպես պնդում է Հմայակ Մկրտչյանը, այդպես էլ արել է: Հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մկրտչյանին ընկերությունից հեռացնելու պահանջի մասին: Դատարանն էլ առանց պատասխանողի եւ նրա ներկայացուցչի, օրեր առաջ հօգուտ Գեւորգյանի վճիռ է կայացրել: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը ներկայացրել է Լեւոն Գեւորգյանի կինը՝ Մարիետա Մուրադյանը, եւ նրա հարսը՝ Ասյան, որն ընկերության երրորդ փայատերն է: Հայցը ներկայացրել են Հմայակ Մկրտչյանի կնոջ՝ Ինա Աբրահամյանի դեմ: Հայցադիմումում մասնավորապես նշել են, որ պատասխանողի հետ հիմնել են «Չիր սառնարանային տնտեսություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ըստ այդմ՝ ընկերության հիմնադիրների ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ ընկերության տնօրեն է ընտրվել սույն գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ Սմբատ Մխեյանը (վերջինս գրանցված տնօրեն է, որը ամսական աշխատավարձ պետք է ստանար,-հեղ.):
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: