Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անգլիական «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում Եվրոպայի լիգայի խաղերի անցկացումը:
Ըստ հեռուստաալիքի` «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը խայտառակություն է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) համար:
CNN-ը քննադատել է ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլային նման մեծ իրադարձությունն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելու որոշումը այն պատճառով, որ 69 870 հանդիսատես տեղավորող մարզադաշտում յուրաքանչյուր թիմի կողմից ընդամենը 6000 երկրպագուի ներկայություն է թույլատրվում և, բացի դա, նաև այն հանգամանքով, որ այդ երկրում որոշ ազգությունների ներկայացուցիչներ ապահով չեն զգում, և որ նրանց մուտքը սովորաբար մերժվում է:
CNN-ը նկատում է, որ միջազգային ճանաչում ունեցող գերաստղը կարևոր եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի միայն այն պատճառով, թե որ երկրում է ծնվել:
Հեռուստաընկերությունը ընդգծում է, որ եթե «Արսենալը» պարտություն կրի, միշտ բոլորին կանհանգստացնի հարցը` արդյո՞ք դա կպատահեր, եթե Մխիթարյանը խաղադաշտ դուրս գար: