Ռեժիսոր, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյան:
Սարում` մեր ուրթի մոտ, վազում եմ բլրի փեշով և հորիզոնս փակ է: Իմ վազքին ընդառաջ` քամուն հակընդեմ, վեր է բարձրանում գառնանգղը` թևերը բացած, հենց գլխիս վրայով: Քամին, գառնանգղը, բլուրը և հանկարծ բացվող հորիզոնը. ես գիտեի այդ տեսարանը, անծանոթ չէր, բայց ամեն անգամ ձորի, շերտ-շերտ հեռացող բլուրների ու սարերի հեռաանկարը քամու հետ միասին թռիչքի զգացողություն էր առաջացնում: Դիմացից եկող անգղն, իհարկե, վախենալու էր երեխայիս համար, բայց ես գիտեի, որ նրանք գիշատիչ չեն, լեշակեր են: Ձորում անասուն էր սատկել, երևի մսի կտորներ էին տանում իրենց ձագերին:
Իմ առաջին հիշվող ճամփորդությունն էր դեպի գյուղ` մեծ դժվարությամբ, «Վիլիսով» վատթարագույն ճանապարհները հաղթահարելով` հասանք Ահինձոր: Ես վատ էի զգում ճանապարհներին: Այդ ամեն ինչից հետո բացեցի մեքենայի դուռը, իջա: Մեր տան կողքը երիցուկների դաշտ էր: Հիմա չկա այդ դաշտը, հիմա հողամաս է` երիցուկների փոխարեն ծառեր են աճում: Իջա երիցուկների դաշտում: Մեր գամփռն եկավ ընդառաջ, մոտեցավ ինձ, ու ես միանգամից գրկեցի նրան: Երկուսով թավալվում էինք երիցուկների վրա: Ես չգիտեի, որ շունը ճանաչում է ինձ, որովհետև շատ փոքր ու անգիտակից տարիքում էի նրան տեսել:
– Դավիթ, չես վախենու՞մ:
– Չէ:
– Ինչի՞:
– Ինքը իմ մաթևոսյանական հոտից գիտի, որ ես ես եմ, ինձ չի կծի:
Լողալ շատ եմ սիրում: Հիմա արդեն միայն ջուրն եմ շատ սիրում, որովհետև երկար ժամանակ լողի եմ գնացել, և ջանքով ջուրը հաղթահարելը դարձել է անհետաքրքիր: Բայց քանի որ ջրի մեջ հայտնվելով` միջավայրի հետ տարրալուծվելու զգացողությունն եմ ունենում, ուզում եմ այդ անկշռելիության մեջ իմ լինելն անսահման շարունակվի: Դրա լավագույն էֆեկտը տալիս է երկու բան` ջրի մակերեսին պառկելը և ուղղակի ալիքների վրա տարուբերվելը, մյուսը` ջրի տակով լողալը, հատկապես եթե լաստեր ունեմ: Կյանքի դիլեմաներից մեկն է, որ ես դելֆին չեմ ծնվել, կատակ չեմ անում: Սևանում ու Սև ծովում այդպիսի տեղ կա, որ երբ ջրի մակերեսին պառկած ես լինում` հայացքդ դեպի երկինք, երկրագնդի կլորությունն զգում ես, որովհետև ջուրը, առափնյա լեռները, անտառներն ի մի են բերում աշխարհը` կլոր տեսադաշտում պարփակում տեսադաշտիդ մեջ:
Երբ առաջնեկդ` նոր թոթովող, ուսերիդ նստած հարցնում է. «Ի՞նչ ա ասում պարսիկը», քանի որ հարևան պարսիկը Թեհրանում իրեն նորից բարի օր է մաղթում և ինքը նրա լեզուն չի հասկանում, կամ երբ ծծկեր աղջիկդ քնից արթնանում ու անվերապահորեն, միշտ, անմիջապես ժպտում է իր վրա խոնարհված ծնողներին, կամ երբ երկու ամսական զավակիդ պառկեցրել ես դաստակիդ` իր գլուխը` քո ափին, ու նա, ծնկները կիսածալ, դաստակիցդ պուճուր է:
Մասնագիտական երջանկություն.
Եթե խոսքը կինոյի մասին է, ապա ես օբյեկտիվ կլինեմ ու խիստ կխոսեմ, որովհետև համարում եմ, որ առայժմ չեմ հասել կատարյալին մոտեցող իմ ցանկալի արդյունքին: Իմ նկարած ֆիլմերից ժամանակին գոհ եմ եղել: Հիմա, երբ ժամանակ է անցել, երբ օտարվել եմ այդ ֆիլմերից, տեսնում եմ թերությունները և անհրաժեշտությունները, որ պիտի լինեին, բայց այդ պահին չեն եղել:
Հանրային երջանկություն.
Չեմ կարծում, թե մեր հանրային կյանքը որևէ մեկիս լիարժեք երջանիկ զգալու հնարավորություն է տվել: Անկախություն հռչակելու օրերին, պատերազմի ժամանակ, երբ արյուն-քրտինքի միջով պատիվ եմ ունեցել մի քանի անգամ լուսաբանել ռազմական գործողությունները. տեղի ունեցողի լուսաբանումից և պատմության կերտմանը մասնակից լինելուց, թեկուզ մի փոքր բան դրա համար անելիս, թերևս, կարող էր համարվել երջանկություն:
1988-ին շարժումն սկսել էր, ջարդվեցինք, ջարդեցինք, պատերազմ սկսվեց, ահռելի մարտահրավերների առաջ էինք, և անկախության առաջ մեր անպատրաստվածությունն ու չգիտակցվածությունը, միևնույն ժամանակ համոզումը, որ, երևի, միակ ճանապարհն է ազգ կոչվելու իրավունքին արժանանալու համար, մի տեսակ, կենցաղային դրսևորում ուներ: Ներկայիս նախագահականի շենքում Բաբկեն Արարքցյանը հրապարակեց հանրաքվեի արդյունքները: Հետո եկանք հրապարակ: 1991-ի Երևանն էր: Լրագրողներով էինք` Պասկևիչյան Տիգրանն էր, Բաղդասարյան Էդիկն էր: Որոշեցինք գնալ մի տեղ նշել անկախանալու համաժողովրդական որոշումը: Անորոշ-անկատար` քայլում էինք, չգիտեինք էլ ուր գնալ: Այսօրվա Երևանի նման չէր, որ ամեն քայլափոխի ժամանցի տեղ կա: Ամիրյան փողոցով քայլում էինք, Չարենցի դպրոցի դիմաց ստորգետնյա սրճարանանման բան կար: Գնացինք` ոգելից ոչինչ չունեին, միայն հանքային ջուր էր ու վատ իմաստով երևանյան վռիկ սուրճ: Սա եղավ անկախություն նշելու մեր փորձառությունը: Լավ էր, էլի: Եթե նույնիսկ պատրանք էր, որ մեր իրականությունն իր սանձերը մեր ձեռքն էր տալիս, լավ էր, որ մենք փորձեցինք անհաղթահարելի ծանրությունը բարձրացնել:
Անցյալ տարի գրեթե նույն բանը կրկնվեց: Շատ ողջունելի էր: Չնայած վտանգներին, որ եղել են, կան ու լինելու են, պետք էր դա անել և տեղի ունեցավ, որովետև երկիրն ու հասարակությունը պիտի ապրելու շանս ստանային:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Մենք, ըստ երևույթին, ազգի, հասարակության ու երկրի տեսլական պիտի ունենանք, որպեսզի կարողանանք մոդելների մասին խոսել: Էս դեպքում պիտի Հրանտ Մաթևոսյանից գրագողություն անեմ և ասեմ` «Մի քիչ ավելի ծարավի լինել, քան մենք ենք, օժտվելու տարիքում մեզ մի քիչ ավելի օժտել, համայնքին այսքան չապավինել, տկարությունն այսքան չհանդուրժել՝ ինչքան մենք ենք ապավինում և հանդուրժում ու հանդուրժվում, մի հրեայի, մի գերմանացու չափ աշխատել մեր միավորի, մեր երեխայի վրա… ապա՝ երկու օրվա հաց ու երկօրյա ընթացքի հեռանկար, և դու տես, թե քո չարը, իմ անկարը, Թումանյանի դառնացածը աչքներիս առջև ինչպես է դառնում աշխարհիս ամենաբարի, ամենասիրելի ժողովուրդը. երկու օրվա հաց, երկօրյա ընթացքի հեռանկար՝ և ի՜նչ հիանալի ժողովուրդ բարձրացավ քսանականների իսկապես դառը ժամանակից՝ իմ ծնողների ժողովուրդը. մի քիչ ջանք ինքներս մեզ վրա և ընթացքի երկօրյա հեռանկար կամ հեռանկարի թեկուզ պատրանք՝ և տես թե ինչ շիտակ, արդարամիտ, ինչ քաջ ժողովուրդ է բարձրանալու՝ իմ որդիների ժողովուրդը»:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
Ամբողջությամբ՝ armtimes.com