«Բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան զրուցել է ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մոր` Գայանե Անտոնյան-Սահակյանի հետ։ Նրա խոսքով` սերը տարիների ընթացքում վերափոխվում է, սակայն պետք է փորձես միշտ «թարմ» պահել ջերմությունը, կայծն ու զգացողությունը։
Աբովյան 1/1. այս հասցեում է գտնվում Ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված Ադամ Սահակյանենց բնակարանը։ Հին Երևանի բացառիկ շենքերից մեկի` բարձր առաստաղով մեկսենյականոց բնակարանում այժմ Ադամի ծնողներն են ապրում։ Ադամի մոր` Գայանե Անտոնյան-Սահակյանի հետ բազմիցս էի զրուցել, բայց միշտ, բնականաբար, Ադամի մասին էի ինչ-ինչ մանրամասներ հարցրել։ Այս անգամ, սակայն, զրույցը մի փոքր շեղվեց այդ հունից։ Ասում են` բոլոր հերոսների հետևում մայրերն են կանգնած. Ադամի դեպքում հաստատ այդպես է։
Ադամ Սահակյանենց տան ներքին բակը
Ի դեպ, տիկին Գայանեն Ադամի մասին միշտ ներկայով է խոսում, և եթե հոդվածում լինեն հատվածներ, որտեղ կնոջ խոսքում կլինեն «տղաներս» բնորոշումը, թող զարմանալի չթվա (Ադամն իրենից փոքր մեկ եղբայր ունի)։
Մասնագիտությամբ մասսայական կինոմիջոցառումների ռեժիսոր Գայանե Անտոնյան-Սահակյանն իր մասնագիտությամբ շատ կարճ է աշխատել` մի քանի ամիս (այժմ նա աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում` որպես խմբագիր), սակայն այդ կարճ ժամանակահատվածն էլ իր պտուղներն է տվել։ Հենց այդ երկու-երեք ամսում էլ տիկին Գայանեն ծանոթացել է ապագա ամուսնու` Խաչատուր Սահակյանի հետ ու 1-1.5 ամսվա ընթացքում ամուսնացել։
«Եթե մինչ այդ ինչ–որ մեկն ասեր, որ հնարավոր է այդքան արագ նման որոշում կայացնեի, չէի հավատա։ Բայց լինում է, չէ՞, որ տեսնում ես ինչ–որ տղամարդու ու հասկանում` հենց նրանից ես ուզում երեխաներ ունենալ. մեզ մոտ այդպես ստացվեց։ Նկարահանման ժամանակ տեսա նրան, ծանոթացանք, սիրահարվեցինք ու արագ էլ ամուսնացանք»,- ասում է տիկին Գայանեն ու հավելում` կյանքում միշտ չէ, որ արագ է որոշումներ կայացնում, ավելին` կան դեպքեր, որ պետք է դադար տաս, շունչ քաշես ու նոր միայն որոշում կայացնես։
Ամուսնանալուց հետո նա դուրս է եկել աշխատանքից, քանի որ պետք է երեխաների խնամքով զբաղվեր, իսկ այն տարիներին դայակ պահելն այնքան էլ տարածված երևույթ չէր։ Բացի այդ, տիկին Գայանեի խոսքով` նորաստեղծ ընտանիքում զույգերը պետք է շատ ժամանակ տրամադրեն իրար։
«Ամուսնուդ նախ պետք է հարգես, հակառակ դեպքում` եթե անգամ աշխարհի հարստությունն էլ նա բերի, միևնույն է, դա քեզ չի գոհացնելու, այդ ամենն անցողիկ է։ Սերը տարիների ընթացքում վերափոխվում է, սակայն պետք է փորձես միշտ «թարմ» պահել ջերմությունը, կայծն ու զգացողությունը։ Բացի այդ, մարդուն պետք է ընդունես այնպես, ինչպես որ կա։ Իհարկե, տարիների ընթացքում մարդը փոխվում է` կնճիռներ, սպիտակ մազեր, բայց նույնը քեզ հետ է կատարվում` ժամանակի ձեռքի գործն է։ Սակայն եթե ընտանիքիդ հիմքն ամուր է, այն չի քանդվի»,- ասում է տիկին Գայանեն` հավելելով, որ միշտ ցավով է ընդունում այն դեպքերը, երբ կենցաղային խնդիրների պատճառով են ընտանիքները քանդվում ու բաժանվում։
Ամբողջությամբ՝ m.armeniasputnik.am