Ներկայացնում ենք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը:
«Fip.am» կայքը «հետաքննություն» է հրապարակել, որում ես փաստացի մեղադրվում եմ մոտ 10 հազար դոլարի ապօրինի հարստացման մեջ։ Միանգամից ցանկանում եմ հայտնել, որ սա հերթական անհեթեթ լուրն է, որը դրվում է շրջանառության մեջ։
Հոդվածում տեղ գտած դիտարկումները, ենթադրություններն ու եզրակացությունները սուտ են և արատավորում են իմ համբավը՝ ինչպես ԱԺ փոխնախագահի, այնպես էլ օրինականության ու թափանցիկության համար պայքարող քաղաքացու։ Այս պատճառով որոշեցի արձագանքել հնչեցված մեղադրանքներին, որպեսզի քաղաքացիների մոտ թյուր կարծիք չստեղծվի։
Ներկայումս վարում եմ 2012թվականի RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել եմ 2018 թվականի հունիսի 12-ին։ Ավտոմեքենան ձեռք եմ բերել 12 մլն դրամով, կամ՝ համարժեք 25,500 դոլարով։ Որտեղի՞ց այդ գումարը։ Մեքենան գնելու նպատակով վաճառել եմ նախկին ավտոմեքենաս՝ MITSUBISHI ASX և ներգրավել եմ վարկային միջոցներ։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր եմ ներկայացրել 2018 թվականի հունիսի 15-ին, իսկ մեքենան, ինչպես արդեն նշեցի, գնել եմ հունիսի 12-ին, այսինքն հայտարարագիրս լրացնելու պահին այդ մեքենան արդեն ինձ էր պատկանում, և տարօրինակ կլիներ, եթե ես այն չհայտարարգրեի։
Բացի սրանից, հրապարակման հեղինակները պնդում են, թե իբր կինս չի ներկայացրել գույքի ու եկամտի իր հայտարարագիրը։ Այս տեղեկությունը ևս սուտ է։ Օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիրը ներկայացվել է էթիկայի հանձնաժողով, իսկ թե ինչու այն հասանելի չէ կայքում, լրագրողը կարող էր ճշտել էթիկայի հանձնաժողովից, ինչը, սակայն, չի արվել։
Ինչ վերաբերում է իմ և կնոջս կողմից ձեռք բերված բնակարանին, ապա հարկ եմ համարում նշել, որ բնակարանը ձեռք է բերվել կառուցապատողից՝ կիսակառույց վիճակում՝ 44 հազար դոլարով։ Այս գումարը մենք վճարել ենք նախորդ բնակարանիս վաճառքից ստացած միջոցներից։
Հարգելի ընկերներ, լրագրողներ, ես մշտապես գործել եմ օրինական ու թափանցիկ և միշտ կողմնակից եմ եղել հանրային հաշվետվողականությանը։ Մեկ անգամ ևս ցանկանում է նշել, որ ինձ ուղղված՝ ապօրինի հարստացման մեղադրանքը անհեթեթություն է, էլ չեմ խոսում զրպարտության և սուտ մատնության մասին, որոնք քրեորեն պատժելի արարքներ են։
Դիմում եմ նաև «fip.am» կայքի խմբագրակազմին։
Հիմք ընդունելով ԶԼՄ-ների մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ հերքել սույն թվականի մայիսի 31-ին հրապարակված «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերատառությամբ հոդվածում իմ և կնոջս մասին տեղ գտած ապատեղեկատվությունը, կամ ապացուցել, այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հարկ եմ համարում եմ նաև տեղեկացնել, որ նույն օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ հերքումը հրապարակելուց հրաժարվելու պարագայում անձը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան։