Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ. armeniasputnik.am

Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղն ապրում է խոստացված ներդրումների սպասումով։ Խոշոր ներդրողը գյուղում խոստացել է ոչ միայն անասնապահական ծրագիր իրականացնել, այլև զբոսաշրջային կենտրոն և նույնիսկ զիփլայն կառուցել։

Գյուղապետ Հակոբ Բաբայանի խոսքով, ներկայացված ամբողջ ներդրումային ծրագիրը 50 մլն դոլարի շրջանակներում է։

Իսկ մինչ այդ գյուղում միայն մի խումբ մարդիկ մշտական աշխատանք ունեն. մի քանիսը գյուղապետարանում, մի քանիսն էլ՝ դպրոցում։
Գյուղի մնացած բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է։

Գյուղապետի խոսքով, կաթի խոշոր գործարաններից ամեն շաբաթ գալիս են գյուղացիներից կաթ մթերելու։

«Բայց շատ ցածր են վճարում։ Ուղղակի գյուղացին իրացնելու ուրիշ տեղ չունի»,– ասաց գյուղապետը` հավելելով, որ կաթի 1 լիտրի դիմաց գյուղացին առավելագույնը 120-130 դրամ է ստանում։

Պաշտոնական մարդահամարի տվյալներով, Սևաբերդը 268 բնակիչ ունի, բայց իրականում, ըստ գյուղապետարանի աշխատակից Մրազ Խլոյանի, ներկա պահին գյուղում շուրջ 320 մարդ է ապրում։

«Հարսները, որ վերջին տարիներին են ամուսնացել, գյուղ եկել, չեն գրանցվել»,– նշեց մեր զրուցակիցը։

Երիտասարդ ընտանիքները, սակայն, խուսափում են շատ երեխաներ ունենալ։ Գյուղում երեխաների համար պայմաններ չկան, չկա մանկապարտեզ, չկա ոչ մի զբաղմունք, ուսումնական միակ հասատատությունը դպրոցն է։

«Մանկապարտեզ չկա, որովհետև կարիք էլ չկա, գյուղում մանկապարտեզի տարիքի երեխա գրեթե չկա»,– ասում է գյուղապետը։

2019-20թթ. ուսումնական տարում գյուղի դպրոցը միայն 2 առաջին դասարանցի է ունենալու։ Իսկ այս տարի դպրոցն ավարտել է միայն մեկ շրջանավարտ։

Ներկա պահին Սևաբերդի դպրոցը 20 աշակերտ ունի, 5 կոմպլեկտավորված դասարան` յուրաքանչյուրում 4-5 երեխա։

Երևանից ընդամենը 20 կմ հեռու, Գեղամա լեռների ստորոտում, ծովի մակարդակից 2010 մ բարձրության վրա գտնվող գյուղն իր ալպիական բնությամբ ու հարևան Սև բեևդ ամրոցի ավերակներով, այսօր էլ գրավում է զբոսաշրջիկներին, հատկապես, որ գյուղ տանող ճանապարհը ասֆալտապատ է ու բարեկարգ։

«Մեր բնաշխարհը բավականին լավն է, այստեղ ներդրումային ծրագրեր են պետք, որ կոմֆորտ լինի։ Թե չէ տուրիստներ հիմա էլ շատ են գալիս` և՛ ամռանը, և՛ ձմռանը»,– ասում է գյուղապետ Հակոբ Բաբայանը։

Սևաբերդցիներն էլ իրենց գյուղապետի պես վստահ են` գյուղը զարգանալու պոտենցիալ ունի, միայն ներդրող է պետք, որ դա հասկանա ու ճիշտ օգտագործի։ Իրենց էլ աշխատատեղեր են պետք, որ ստիպված չլինեն ապրուստ փնտրել գյուղից դուրս ու չվախենան 1-2–ից ավելի երեխաներ ունենալ։

armeniasputnik.am