Դեպի Հայաստան և Հայաստանից ավիատոմսերի թանկ լինելու մասին բազմաթիվ անգամ է խոսվել: Օտարերկրյա, հատկապես՝ եվրոպացի զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու կարևորագույն գրավականներից մեկը մատչելի ավիատոմսերն են: Սակայն նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը և համեմատությունը ակնբախ են դարձնում, որ դեպի մեր երկիր և մեր երկրից ավիափոխադրումը, մեղմ ասած՝ մրցունակ չէ ամենամոտ հարևանների հետ համեմատած: Այդ մասին խոսել, բարձրաձայնել, ահազանգել են թե՛ տեղացի և թե՛ օտարերկրացի մասնագետները:
Օրերս խնդրին յուրահատուկ անդրադարձ կատարեց նաև բլոգեր, ճանապարհորդ, մասնագիտությամբ տնտեսագետ և իրավաբան Ալեքսանդր Լապշինը: Նա խնդիրը դիտարկել է զուտ որպես ճանապարհորդ և ներկայացրել իր եզրահանգումները և հաշվարկները, թե որքան է կարցնում մեր տնտեսությունը թանկ ավիատոմսերի պատճառով: Իսկ ճամփորդական փորձ Լապշինն ունի՝ եղել է աշխարհի ավելի քան 140 երկրում: Ի՞նչ է գրում նա:
«Ինձ առավոտյան իմ իսրայելցի ընկերը գրեց, որ հունիսին 1-2 շաբաթով հանգիստ է պլանավորում: Նա տեսավ, որ դեպի Հայաստան ավիատոմսերը հինգ անգամ ավելի թանկ են, քան դեպի ցանկացած եվրոպական մայրաքաղաք և արժեն այնքան, որքան արժե Իսրայելից Նյու Յորք թռչելը:
Եվ ես նրան առակելու փաստարկ չունեմ: Ամռանը Հայաստանը վերածվում է մի ծուղակի, որտեղ և որտեղից գրեթե անհնար է դառնում թռչելը: Գներն ապշեցնում են՝ Մոսկվայի տոմսը հետադարձով նվազագույնը $300 է, Եվրոպայի երկրներ՝ $400-իդ սկսած, Էմիրություններ՝ $500-ից սկսած: Նույնիսկ հարևան Թբիլիսի, որտեղ թռչելն ընդամենև 30 րոպե է տևում, հետադարձով տոմսն արժե $180-ից սկսած, գրողը տանի:
Դեպի Թել-Ավիվ հունիսին եվրոպական ցանկացած մայրաքաղաքից օդանավով ուղևորությունը կարժենա ոչ ավելի, քան $50-80՝ երկու ուղղությամբ: Դեպի Քութաիսի՝ մի քիչ ավելի թանկ՝ $80-120: Ասացեք, խնդրեմ, ինչու՞ է, գրողը տանի, դեպի Երևան ավիատոմսի գինը $300-500: Ես, հաստատ, համեմատելու բան ունեմ՝ արդեն այցելել եմ 142 երկիր, հունիսին այդ թիվը կդառնա 145:
Ինձանից նեղացած երևանյան տուրօպերատորները և որոշ ավիաընկերությունների ներկայացուցիչներ պնդում են, թե իբր Լապշինը զբոսաշրջությունից ոչինչ չի հասկանում: Իսկ մենք հզոր դեմքեր ենք, ամենաբարձրակարգ մասնագետները: Հենց այդ պատճառով է Հայաստանը վերածվել է Եվրոպայի և ԱՊՀ ամենաթանկ ուղղություններից մեկը: Հայաստան է այցելում երկու անգամ ավելի քիչ զբոսաշրջիկ, քան ալիևյան Ադրբեջան, և հինգ անգամ ավեի քիչ, քան Վրաստան: Իսկ այդ ամենի պատճառն այն է, որ այդ վայ-փորձագետնեը, փաստորեն, մենաշնորհատեր են և ամբողջ ուժով արգելակում են ինչպես դեպի Երևանի և Գյումրիի շուկա մրցակիցների (այդ թվում՝ մատչելի ավիաընկերությունների) մուտքը, այնպես էլ բարձր են պահում ավիատոմսերի գները: Նույնիսկ ռուսական «Պոբեդան» մարտերից հետո մտավ Գյումրի: Պատկերացնում եմ, թե ինչ կաշառքներ և ատկատներ են այնտեղ շրջանառվել, որպեսզի նրանք կարողանան աշխատել:
Կան թանկության օբյեկտիվ պատճառներ: Օրինակ՝ Երևանի և Գյումրիի օդանավակայանները արգենտինացի գործչին հանձնելու մութ սխեմաները: Իսկ նա անմիջապես բարձրացրեց օդանավակայանի տուրքերը: Նրա կողմից գանձվող տուրքերի հանդեպ որևէ վերահսկողություն չկա, վաղը նա կարող է էլ ավելի բարձրացնել դրանք: Սակայն դա չէ ամենամեծ չարիքը: Ճիշտ է, Երևանում տուրքերը բարձր են, սակայն կազմում են մոտ $37՝ յուրաքանչյու ուղղության համար: Սակայն նույնիսկ այդպիսի տուրքերի դեպքում տոմսերը չեն կարող երկուսից երեք անգամ թանկ լինել, քան Թբիլիսիում և հինգ անգամ ավելի թանկ, քան Քութաիսիում կամ Կիևում:
Իսկ զբոսաշրջիկնե՞րը: Նրանք «քվեարկում են ոտքերով»՝ ինչպես իմ իսրայելցի ընկերները, որոնք հիանալի, համեղ և հյուրընկալ Հայաստանի փոխարեն իրենց շեկելները, դոլարները և եվրոները թողնում են կուշտ Մեծ Բրիտանիայում կամ արևային Հունաստանում:
Ի՞նչ զբոսաշրջության զարգացման կարող է լինել խոսքը
Համաշխարհային բանկի կայքում կան հիանալի վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս աշխարհի երկրների տնտեսական զարգացումը: Այնտեղ մանրամասն շոշափվում է նաև զբոսաշրջության և դրանից ստացված եկամուտների թեմաները: Ահա տուրիզմից ստացված եկամուտները 2018 թ. համար՝ միլիարդ դոլարով՝
Հայաստան՝ $1.14,
Վրաստան՝ $2.97,
Ադրբեջան՝ $3.21,
Բուլղարիա՝ $4.67,
Իսրայել՝ $7.57,
Հունաստան՝ $18.82:
Նույն Վրաստանի զբոսաշրջիկների 20%-ն այցելել է բյուջետային ավիաընկերությունների միջոցով: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ դա ապահովել է 600 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ: Պատկերացնու՞մ եք՝ որքան է Հայաստանը տարեկան կորցնում ավիատոմսերի թանկ լինելու պատճառով: Եվ ինչքան բան կարելի էր ստեղծել այդ փողով: Արդյո՞ք շատ, թե քիչ է այդ 600 միլիոն դոլարի կորուստը:
– Հայաստանի ՊՆ 2019 թ. բյուջեն 468 միլիոն դոլար է,
– Կրթության նախարարության 2019 թ. բյուջեն՝ 220 միլիոն դոլար,
Արեք եզրակացություններ»:
Ալեքսանդր Լապշինը գրառումներից մեկում նշել է, որ այս և մյուս խնդիրների մասին զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անցած տարվա ապրիլին նա նույնպես բարձրացրել էր հարցը: Սակայն ոլորտի պատասխանատուները սվիններով էին ընդունել օտարերկրացու կարծիքը դեպի Հայաստան ավիատոմսերի թանկության և մեր երկրում հյուրանոցային ծառայությունների՝ հաճախ անմատչելիության վերաբերյալ: Մեր կարճ ուսումնասիրությունը նույնպես անկբախ դարձրեց Երևանի և Քութաիսիի ավիատոմսերի գների տարբերությունը: Էգեյան ավիաընկերության տոմսի արժեքը Երևանից Աթենք արժե 179 հազար դրամ, իսկ Քութաիսիից՝ WizzAir ընկերության տոմսը՝ մոտ 97 հազար դրամ: Իսկ տուրիզմի աճը դանդաղում է: Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ներգնա տուրիզմի հավելաճի դանդաղմանը և ներկայացրել դանդաղման հավանական պատճառները: