«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Յուղոտ» տագնապ. ինչպիսի՞ կաթնամթերք կուտենք 2019թ.–ի հուլիսից. armeniasputnik.am

Հայաստանում ի վերջո կլինե՞ն «կաթ պարունակող մթերքներ»։ Հայրենական արտադրողները խնայում են սպառողների նյարդերը և փաթեթավորման վրա նախկինի նման գրում են «կաթ», «թթվասեր», «կաթնաշոռ»։ Գնորդները աղոտ պատկերացնում են, թե ներսում ինչ կա, բայց չեն բարձրաձայնում այդ մասին։

Ո՞ր մթերքն է կաթնային, որը` մասամբ։ Հստակությունը պետք է ոչ միայն սպառողներին, այլ նաև բարեխիղճ արտադրողներին։ Նրանց ճնշում են պնդերես «գործընկերները»։ Նրանց արտադրած կաթնամթերքը կարող է այդքան կաթնային չլինել, միայն թե փաթեթավորման վրա դա ոչ ոք չի տեսնում։

Խնդիրը ոչ միայն այն է, որ ինչ-որ մեկի համար սերուցքը բուսական յուղից համեղ է, այլ նաև այն, որ կարող են խառնել նաև տրանսճարպեր` վնասակար մարդու օրգանիզմի համար։ Եվ այստեղ ահա պիտակավորումով չես «պրծնի»։ Սա արդեն իրավախախտում է։ Հայաստանում արգելված է օգտագործել տրանսճարպեր (ինչպես նաև ԵԱՏՄ մյուս երկրներում)։ Ցանկացած մթերքի մեջ դրանց բաժինը չպետք է գերազանցի 2 տոկոսը։

«Մենք իրականում առաջարկում ենք շատ պարզ բան։ Ուզո՞ւմ ես բուսական յուղ խառնել` խնդրեմ։ Միայն թե նշիր փաթեթավորման վրա և հստակ նշիր։ Այդ ժամանակ սպառողը կիմանա` սա մաքուր կաթնամթերք է, իսկ սա` փոխարինիչով է», – ասում է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Նույնն առաջարկում են նաև եվրասիական պաշտոնյաները։ 2019թ.–ի հունվարից ԵԱՏՄ–ում ուժի մեջ են մտել տեխնիկական կանոնակարգում փոփոխությունները։ Այն մթերքների վրա, որոնց մեջ կան կաթնային ճարպի փոխարինիչներ, նույնիսկ անվան մեջ չի կարելի ակնարկել կաթնամթերք բառը։ Այսինքն` դա նշանակում է` ուտել ոչ թե «կաթնաշոռ» (դա բացառված է) և անգամ ոչ «կաթնաշոռային մթերք», այլ «կաթ պարունակող մթերք` կաթնաշոռի տեխնոլոգիայով»։ Հայաստանում կանոնակարգն ուժի մեջ չի մտել. տեղի արտադրողները կես տարի տարկետում են խնդրել։

Բայց հուլիսի կեսին կավարտվի նաև այդ ժամկետը։ Պետք է ամենայն հստակությամբ առանձնացնել կաթնային մթերքները կաթ պարունակողից։ Տուփի վրա պետք է խոշոր տառերով գրված լինի, ինչպես սահմանված է տեխնիկական կանոնակարգով։ «Թող ամեն ինչ հեռվից պարզ լինի»–, առաջարկում է Գիգոյանը։ Նրա կարծիքով` խանութներում այդ ապրանքները պետք է դրվեն տարբեր դարակներում։

Միությունը նման առաջարկով դիմել է Հայաստանի վարչապետին։ Նամակը վերահասցեագրել են գյուղատնտեսության նախարարություն, որտեղ գաղափարը ոչ նպատակահարմար են համարել։

«Հարցը կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, մինչդեռ դրա իրականացումն ապահովելը խիստ խնդրահարույց է, քանի որ այդպիսի պահանջ սահմանելու դեպքում առևտրի օբյեկտները կհայտնվեն տեխնիկական լուրջ դժվարությունների առաջ՝ դրա պատշաճ ապահովման և տարածքային ապահովվածության առումներով», – ասվում է գյուղատնտեսության նախարարության պաշտոնական պատասխանում։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am