Ապրեք, երեխեք, պարզապես ապրեք. civilnet.am
Advertisement 1000 x 90

Ապրեք, երեխեք, պարզապես ապրեք. civilnet.am

Գարունն անցավ, եկավ ամառ։ Ա՜խ, այս ամառը․․․ մանկությունը քաղաքականացնող ու էդպիսով հասունացող հանրության ամառը, փողոց փակող երեխեքի ամառը, մի հավես զուգադիպությամբ նրանց իրավունքների պաշտպանության օրով ծնված վարչապետով երկրի հերթական, պատմական, 2019-ի ամառը։

Այս ամառը շատ եմ երազել, իմ սիրտն էլ է մրգի պես հա․․․ չէ՛, դեռ խակ է, գուցե արդեն դախ է, մի խոսքով, հաստատ կախ է,  էն աստիճան չի հասել, որ հանգիստ խղճով ասեմ՝ երեխեք ջան, տոններդ շնորհավոր, վայելեք ձեր մանկությունը, դուք խնդիր չունեք։

Տեսնես էս ամառվա առաջին՝ տոնական օրով, քանի՞ հայաստանցի ծնող է իր երեխայի համար կարդում «Իմ մարմինն անձեռնմխելի է» աղմուկ հանած գրքույկը։ Հետաքրքիր է, որ գործադիրը չվարանեց խոսել մանկան մարմնի անձեռնմխելիությունից, ի տարբերություն հանրության մի զգալի մասի, որի համար երեխան շարունակում է մնալ անօտարելի սեփականություն, օջախապատկան ապրանք (աղջիկը՝ դրսի, տղան՝ ներսի)։ Վարչապետի արձագանքն էլ տեղին էր։ (Ի դեպ, նկատել ե՞ք, որ Փաշինյանն իրեն հյուր եկած 4-ամյա Մարի Սահակյանից թույլտվություն է հարցնում նախքան նրան գրկել պաչելը)։

Երևի ամեն մարդ իր մանկությունը հիշելիս ինքն իրեն ժպտում է։

«Երեխեքն արեցին»։ Էս ասում են մեր հեղափոխության մասին։ Ասում են բոլոր տարիքի մարդիկ՝ թաշակառուից մինչև նորածնի ծնող, ու ամեն ասող նկատի ունի իր երեխու տարեկիցներին, որովհետև մենք բոլորս մեր ծնողների համար միշտ մնում ենք իրենց երեխան։ Ինչ խոսք, երեխեքն իրենցն արեցին։ Ժամանակին որպես կենսազանգված անխնա շահագործվող դպրոցականները լուրջ դերակատարում ունեցան Սիրո ու Համերաշխության, թավշյա, ժողովրդական հեղափոխության կայացման գործում։

Կարծում էինք, թե երեխեքը մեր ապագան են, պարզվեց՝ մեր հենարանն են։

Իսկ մե՞նք։ Մենք ի՞նչ արեցինք։ Հեղափոխությամբ ազատագրեցի՞նք մեր երեխեքին ընտանեկան ճորտությունից, սեռական շահագործումից, բռնության, հիվանդության, անգրագիտության ճիրաններից։  Ճիշտ է՝ անհամեմատ լրջացել է պետության վերաբերմունքն իր անչափահաս քաղաքացու նկատմամբ՝ ոչ միայն կառավարական ծրագրերի, այլև պարզ՝ իշխանություն-երեխա երկխոսության մշակույթի առումով (թարմ օրինակ է Սիս գյուղից էն «Նիկոլը գլխառադ արեց» ասող տղան, որի  ձայնը տեղ հասավ), բայց էդ երջանիկ ու ապահով մանկության երաշխիք չի։ Երաշխիքը մեկն է՝ ստեղծել մանկապատանեկան երևակայական էն աշխարհը, որտեղ հնարավոր է մեծանալ՝ առողջ ու բախտավոր։

Ոստիկանը մերն ա, բա երեխա՞ն ումն ա՞, կարա՞ զանգի ոստիկանին, եթե հերը ծեծում ա։

«Տեսնես էս ամառվա առաջին՝  իբր տոնական օրով, քանի՞ հայաստանցի ծնող է իր երեխայի համար կարդում ՄԱԿ-ի կոնվենցիան կամ ՀՀ օրենքը «Երեխայի իրավունքների մասին»»։ Էս հռետորական հարցով սկսվող տեքստը գրել եմ երեք տարի առաջ՝ 2016-ին։  Հին Հայաստանում պատասխանը հստակ էր․ «մատների վրա հաշված»։ Նորում՝ չգիտեմ։ Մենակ գիտեմ, որ «իբր տոնական»-ն այլևս ժամանակավրեպ է, որովհետև էս օրը բոլոր շանսերն ունի իսկապես տոնի վերածվելու։

Կասեք՝ ծնողն իմանա, հերիք է, իսկ ես պնդում եմ, որ երեխան պետք է իմանա իր իրավունքները, մանավանդ որ դրանք առաջին ոտնահարողը շատ անգամ հենց ծնողն է։ «Թշնամին տնից կլինի». ո՞վ է ասել, բա իհարկե՝ իմաստուն հայ ժողովուրդը։ Ուրեմն սպանեք տնեցոնց, երեխեք ջան, քանի դեռ իրենք ձեզ չեն սպանել՝ մեծացնելով-էծացնելով՝ հարուստն իր պես՝ բութ ու շատակեր, աղքատն իր պես՝ հեզ մի եզ, քաղքենին՝ լարովի տիկնիկ, գյուղացին՝ ակամա ճորտ։

Պարզ է, ոչ մի բռնակալ ծնող չի անկեղծանա. «Գիտե՞ս, բալիկ ջան, դու երեխա ես, էսօր քո իրավունքների պաշտպանության օրն է, բայց դա կարևոր չի. որ մեծանաս՝ ծնող դառնաս, նոր կհասկանաս, որ քեզ ծեծել ենք, տանջել ու նվաստացրել քո լավի համար։ Օրինակ՝ բալիկ ջան, եթե քո իրավունքներն իմանաս, իսկ ես քեզ կանոնավոր կերպով քոթակեմ, պետական աշխատողները կգան ու ինձ կզրկեն ծնողական իրավունքից, քեզ էլ կտանեն մի տեղ, որտեղ քեզ ոչ միայն կճնշեն, այլև կարող է բռնաբարեն, հը՛մ։

2017 թվականին Հայաստանում մանկապղծության 71 դեպք է տեղի ունեցել։

Ամբողջությամբ՝ civilnet.am