Նիկոլա Տեսլայի 25 մտքերը, ով գիտեր, թե ինչպես կարելի է փոխել իրականությունը
Նրան անվանում էին ֆանտազյոր, քմծիծաղ էին տալիս նրա գաղափարների վրա, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց: Նիկոլա Տեսլան զարմանալի տաղանդավոր մարդ էր: Իր բացահայտումները նա թեթևությամբ էր անում, ասես կատակի վերածելով: Նա ասում էր, որ տեխնիկական որոշումներն իրենք իրենց գալիս ու հայտնվում են իր գլխում: Տեսլան, Լեոնարդո դա Վինչիի հետ միասին, համարվում է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը: Տեսլայի աշխատանքները հնարավոր դարձրին ժամանակակից էլեկտրատեխնիկայի զարգացումը: Նրա հայտնագործությունները ոչ մեկ հարյուրամյակի համար որոշեցին իրենց ժամանակը: Նրա մասին մինչև օրս էլ լեգենդներ են շրջում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեծ հայտնագործողի 25 մտքերը:
- Անգամ ամենափոքր էակի գործողությունը հանգեցնում է ողջ Տիեզերքի փոփոխությանը:
- Իմ ուղեղը միայն ընդունիչ սարքավորում է: Տիեզերական տարածության մեջ գոյություն ունի ինչ-որ միջուկ, որտեղից մենք գիտելիք, ուժ ու ոգեշնչում ենք վերցնում: Ես չեմ ներթափանցել այդ միջուկի գաղտնիքների մեջ, սակայն գիտեմ, որ այն գոյություն ունի:
- Ինձ պետք չեն մոդելներ, նկարներ, փորձարկումներ: Երբ ինձ մոտ գաղափարներ են ծնվում, ես երևակայությանս մեջ սկսում եմ սարքավորում ստեղծել, փոխում եմ կառուցվածքը, կատարելագործում եմ այն ու միացնում եմ: Եվ ինձ համար բացարձակապես միևնույն է՝ սարքավորման փորձարկումն իմ գլխո՞ւմ է արվում, թե՞ արհեստանոցում: Արդյունքները միևնույնը կլինեն:
- Ձեզ ծանո՞թ է «գլխիցդ վեր չես թռչի» արտահայտությունը: Դա մոլորություն է: Մարդն ամեն ինչ կարող է:
- Մեր լինելիության մեծագույն գաղտնիքները դեռ պետք է բացահայտել, քանզի անգամ մահը, հնարավոր է, դեռ վերջը չէ:
- Մարդու զարգացման բարձրագույն նպատակը գիտակցության լիակատար տիրապետությունն է նյութական աշխարհի նկատմամբ, մարդկային պահանջմունքների բավարարման համար բնության ուժերի օգտագործումը:
- Կյանքը կա, և միշտ էլ կլինի հավասարություն, որը լուծման ենթակա չէ, չնայած, որ մի քանի հայտնի գործոններ է պարունակում:
- Ժամանակակից գիտնականները, փոխանակ պարզ ու հստակ մտածեն, խորն են մտածում: Հստակ խորհելու համար պետք է առողջ դատողություն ունենալ, իսկ խորը մտածել կարելի է՝ նաև լինելով բացարձակ խելագար:
- Շատ հայտնագործողների խնդիրը համբերության պակասն է: Նրանք մտքի մեջ ինչ-որ բան դանդաղ, հստակ ու պարզ մշակելու կամքի ուժ չունեն, այնպես մշակելու, որ հստակ հասկանան, թե այն ինչպես է աշխատելու: Նրանք ուզում են միանգամից փորձարկել միտքը եկած առաջին իսկ գաղափարը, և արդյունքում՝ հսկայական փողեր են ծախսում ու շատ լավ հումք միայն, որպեսզի փորձարկման ճանապարհով հաստատեն, որ դրանք աշխատում են սխալ ուղղությամբ: Մենք բոլորս ենք սխալներ գործում, և ավելի լավ է դրանք գործել մինչև ինչ-որ բան անել սկսելը:
- Մեր աշխարհը խորասուզված է էներգիայի հսկայական օվկիանոսի մեջ, մենք անսահմանության մեջ թռչում ենք աներևակայելի արագությամբ: Ամեն ինչ շուրջը պտտվում է, շարժվում. այդ ամենն էներգիա է: Մեր առջև ցնցող խնդիր է դրված` գտնել էներգիայի ստացման եղանակներ: Այդ ժամանակ, այն ստանալով այդ անսպառ աղբյուրից, մարդկությունն առաջ կշարժվի հսկայական քայլերով:
- Քաղաքակրթության տարածումը կարելի է համեմատել կրակի հետ: Սկզբում դա թույլ կայծ է, ապա՝ բոցկլտացող կրակ, իսկ հետո` արագություն ու ուժ ունեցող հզորագույն բոց:
- Որքան մարդ է ինձ ֆանտազյոր անվանել, այս մոլորված կարճատես աշխարհը որքան է ծիծաղել իմ գաղափարների վրա: Մեզ կդատի ժամանակը:
- Յուրաքանչյուրն իր մարմինը պետք է անգնահատելի նվեր համարի նրանցից, ում ինքն ամենաշատն է սիրում: Մարդկային լինելիության աննկարագրելի գեղեցկությունը, գաղտնիքն այնքան նուրբ է, որ անգամ բառը, շնչառությունը, հայացքը, անգամ միտքը կարող են վնասել այն: Հիվանդություններն ու մահերը բազմապատկող անփութությունը ոչ միայն՝ ինքնակործանիչ է, այլև՝ անհավանականորեն հակաբարոյական սովորություն է:
- Ես կտրեցի մատս, և այն արնահոսում է: Այդ մատն իմ մի մասն էր: Ես տեսնում եմ ընկերոջ ցավը, և այդ ցավը խոցում է ինձ: Ես ու ընկերս միասնական ենք: Եվ հետևելով պարտված թշնամուն, անգամ այնպիսի թշնամուն, ում համար ողջ Տիեզերում ամենաքիչը կցավայի, ես, այնուամենայնիվ, վիշտ եմ զգում: Մի՞թե դա չի ապացուցում, որ մենք սոսկ այդ ամբողջի մի մասն ենք:
- Շարունակական միայնության մեջ միտքն ավելի սուր է դառնում: Մտածելու և հայտնագործելու համար մեծ լաբորատորիա պետք չէ: Գաղափարները ծնվում են գիտակցության վրա արտաքին պայմանների ազդեցության իսպառ բացակայության դեպքում: Հնարամտության գաղտնիքը միայնության մեջ է: Միայնության մեջ ծնվում են գաղափարներ:
- Չկա ոչինչ առավել, որ մեծապես կարողանա գրավել մարդու ուշադրությունը և արժանի լինի ուսումնասիրության առարկա լինել, քան բնությունը: Նրա հսկայական մեխանիզմը հասկանալը, նրա կառուցողական ուժերը բացահայտելը և նրան կառավարող օրենքները ճանաչելը մարդկային գիտակցության մեծագույն նպատակն է:
- Մեծ չարիք չի լինի, եթե ուսանողը մոլորության մեջ ընկնի, սակայն, եթե մեծագույն իմաստուններն են սխալվում, աշխարհը թանկ է վճարում նրանց սխալների համար:
- Եթե իմ առջև կանգնած էր լինում ինչ-որ ծանր խնդիր, ես վրա էի տալիս նրան այնքան ժամանակ, մինչև չանեի այն: Այդպես էի անում օրեցօր, առավոտից երեկո: Սկզբում դա ուժեղ մտավոր ջանքեր էր պահանջում, որն ուղղված էր հակումների ու ցանկությունների դեմ, սակայն անցնում էին տարիներ, և այդ հակասությունը թուլանում էր, և վերջապես իմ կամքն ու ցանկությունը դարձան միևնույն բանը: Այդպիսին են նրանք նաև այժմ, և դրա մեջ է իմ բոլոր հաջողությունների գաղտնիքը:
- Ինտուիցիան այնպիսի բան է, որ առաջ է անցնում հստակ գիտելիքից: Անկասկած, մեր ուղեղը շատ զգայուն նյարդային բջիջներ ունի, ինչը թույլ է տալիս զգալ ճշմարտությունը, անգամ, երբ այն դեռ անհասանելի է տրամաբանական եզրահանգումների ու այլ մտավոր ջանքերի համար:
- Ես գծագրեր չեմ գծում, մակետներ չեմ պատրաստում: Իմ գլխում ես ստեղծում եմ նկար, այդ նկարով մտովի հավաքում եմ սարքավորումը, թեստավորում եմ ու թողարկում: Աշխատանքի 20 տարիների ընթացքում մտավոր փորձարկումների արդյունքները և նույն սարքի փորձարկումն արհեստանոցում միշտ միևնույն արդյունքն էին տալիս:
- Պարադոքսալ է, սակայն ճիշտ, երբ ասում են, որ որքան շատ ենք իմանում, այնքան անգիտակից ենք դառնում բացարձակ իմաստով, քանի որ միայն լուսավորվածության միջոցով ենք մենք հասկանում մեր սահմանափակումները:
- Երբ բնական ձգողությունը վերածվում է կրքոտ ցանկության, նպատակին սկսում ես հասնել յոթմղոնանոց քայլերով:
- Մեր թերություններն ու առավելություններն անբաժանելի են, ինչպես ուժն ու մատերիան: Երբ նրանք բաժանվում են, մարդն այլևս գոյություն չի ունենում:
- Ոչ մի հասարակություն չի կարող գոյություն ունենալ ու զարգանալ՝ առանց խիստ կարգապահության:
- Ուղեղն անընդհատ չի ձայնագրում, այնտեղ շարունակ գիտելիքներ չեն կուտակվում: Գիտելիքը նման է արձագանքին, որը լռությունը խախտելու կարիք ունի կյանքի կոչվելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը