ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հւնիսի 11-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ կողմից առաջարկված օրենսդրական փաթեթին, որով էականորեն կկրճատվեն աղբահանության մասով բիզնեսի վճարի բեռը, մասնավորապես`
1. Գործող օրենքով, շենք-շինությունները պարտավոր էին վճարել աղբահանության համար՝ անկախ նրանից՝ այնտեղ առկա է տնտեսական գործունեություն, թե ոչ: Իմ առաջարկով, եթե տնտեսական գործունեություն չի իրականացվում, ապա աղբահանության վճար էլ չի սահմանվում:
2.Գործող օրենքը սահմանվում է, որ շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է տնտեսական գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով: Այս դրույթը նույնպես փոփոխվել է իմ առաջարկով, քանի որ այն անարդար պայմաններ էր ստեղծում այն տնտեսվարողների համար, որոնք նույն տարածքում մի քանի տնտեսական գործունեություն էին ծավալում, քանի որ նրանք ստիպված էին ամբողջ տարածքի համար վճարել ոչ թե ըստ առանձին տնտեսական գործունեության համար սահմանված դրույքաչափովի, այլ եղածների մեջ առավելագույն դրույքաչափով: Այսուհետ տնտեսվարողները, եթե մեկ տարածքում իրականացվում են մի քանի տեսակի բիզնես գործունեություն, ապա աղբահանության վճարը կսահմանվի այդ տեսակներից յուրաքանչյուրի համար առանձին սահմանված դրույքաչափով:
3. Գործող օրենքում առկա էին մի շարք երկիմաստություն ունեցող և տարբեր կերպ մեկնաբանման հնարավորություն տվող բառեր և նախադասություններ, որոնք կարող էին առաջացնել կոռուպցիոն ռիսկեր: Առկա նախագծով բոլոր այդ բառերը հանվել են և դրանց բացվածքներն են ներառվել, ուստի բիզնեսն այսուհետ զերծ կմնա օրենքի դրույթների տարբեր կերպ մեկնաբանման ռիսկից:
4. Եթե տնտեսվարողը համաձայն չէ օրենքով սահմանված ըստ քմ-ի վճարման սանդղակից, ապա նա կարող է վճարել կամ ըստ կգ-ի կամ ըստ ծավալի:
5. Նախագծով կսահմանվի վարչական պատասխանատվություն բոլոր այն տնտեսվարողների համար, որոնք աղբը կթափեն ոչ սահմանված վայրում»: