Ամեն տարի Բարի և Մոլֆետա քաղաքներում, Ադրիատիկ ծովի ափին, Ժողովուրդների տոն է անցկացվում։ Դե, իհարկե, առանց հայկական երաժշտության գործը գլուխ չէր գա։
Եթե հարուստ մշակույթ ունես, հարուստ ես նաև մյուսների մշակույթով։ Իտալական Մոլֆետա քաղաքի բնակիչների համար սա ապրելու ձև է։ Ամեն տարի այստեղ անցկացվում է Ժողովուրդների տոնը։ Այն կազմակերպում են քաղաքային մի քանի դպրոցներ։ Այսպիսի տոն կա նաև հարևան մեծ քաղաքում` Բարիում։ Հրապարակներում մարդիկ են հավաքվում, ասմունքում են, երգում, պարում։
Տոնակատարության իր տպավորությունների մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Բարի քաղաքի բնակիչ Կառլո Կոպոլան։ Նրան Մոլֆետա էին հրավիրել մասնակցելու տոնին, ուր նա ժամանեց հաճույքով, բայց նույնիսկ չգիտեր՝ ինչ երաժշտություն է հնչելու հրապարակում։
«Մենք երգում էինք, պարում և ուրախանում, և հանկարծ բարձրախոսով հայտարարեցին. «Իսկ հիմա հայկական պար»», – պատմում է Կոպոլան։
Եվ ի՞նչ արեցին քաղաքի բնակիչները։ Դե պատասխանը շատ պարզ է` շարունակեցին ուրախանալ։
Տարօրինակ չէ, որ նույնիսկ Կառլո Կոպոլան գիտեր հայկական երաժշտության մասին. նա ամուսնացած է հայուհու հետ և իր մասնակցությունն ունի հայրենի քաղաքի (Բարի) և մարզի (Ապուլիա) հայ համայնքի կյանքում։
Իտալացիները «ժլատ» չեն այլ մշակույթներ սիրելու հարցում։ Այստեղ՝ Ժողովուրդների տոնին, ուրախությամբ պարում են հույների, բուլղարացիների, սերբերի երաժշտության ներքո, իսկ երբեմն էլ նաև հայերի։
Իսկ ո՞րտեղ են նրանք պարել սովորել։
«Պարում ենք, ինչպես կարողանում ենք», – ժպտում է սենյոր Կառլոն։ Ինձ էլ՝ շատ ուրիշների նման, հիանալի պարող անվանել չի կարելի։ Բայց մենք ըմբռնել ենք ռիթմն ու սկսել պարել։ Բալկանյան և հայկական պարերն այդ առումով հեշտ են. դրանք քեզ առնում են իրենց շրջանի մեջ»։
Իրականում իտալացիներից ոմանք առաջին անգամ չեն այս երաժշտության տակ պարում. Բարիում և Ապուլիայի մյուս քաղաքներում նրանց հաճույքով սովորեցնում են։ Երկու տարի առաջ, հունական սիրտակիի և սերբական կոլոյի հետ մեկտեղ, այստեղ սկսեցին նաև հայկական պարեր պարել։ «Վստահաբար, հայ ուսուցիչ են գտել…»,- մտածեցիք, չէ՞:
Իտալական Մոլֆետա քաղաքի տոնի մասնակիցները
Կառլոյին՝ տոնին մասնակցելու հրավիրել էին նրա ուսուցիչ- գործընկերները։ Նա իր մայրենիի հիանալի գիտակ և արժևորող է. դպրոցում մեծահասակների և միգրանտների է դասավանդում։ Իսկ ազատ ժամանակ Կառլոն ուսումնասիրում է հայ գրող Հրանտ Նազարյանցի արվեստը։ Նազարյանցն էլ այստեղ է ապրել` Բարիում, այստեղ էլ հիմնել է հայ փախստականների բնակավայր Նոր Արաքսը։
Այստեղ էլ նա` իր աշակերտուհու հետ, կարդաց պոետ–բարդ Ֆաբրիցիո դե Անդրեի բանաստեղծությունները (նրան կարելի է անվանել «իտալական Ռուբեն Հախվերդյան»)։
Համեմատեցինք Հայաստանի հետ. բայց ամենահետաքրքիրն այն է, որ հայեր այս տեսանյութում չկան։
«Եթե լինեին, ես նրանց կճանաչեի։ Սակայն այստեղ բոլորը իտալացիներ են և միգրանտներ։ Շատ տարբեր մարդիկ։ Բոլորս ենք այսօր ուզում տարբերվել։ Այստեղ միասին պարում ենք և ինչ-որ բանով նմանվում։ Եվ, գուցե, դա ոչ էլ վատ է», – ասում է Կառլոն։
Իսկապես, ինչպես կարող է վատ լինել, երբ հայկական երաժշտությունը տարբեր ժողովուրդների և մշակույթների ներկայացուցիչների է միավորում։