Ռուսական «Ձայնը․ երեխաներ» նախագծի հատուկ թողարկմանը մեկ միլիոն ռուբլու և հաղթական արձանիկի արժանացած ինը երեխաներից էր նաև «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։ Վերջինս նախագծի ավարտից անմիջապես հետո մեկնել էր Արցախ՝ մասնակցելու CONIFA Euro cup 2019 ֆուտբոլային առաջնության շրջանակում անցկացվող համերգներին:
Tert.am Life-ը հետաքրքրվել է, թե ինչպես է Միշան ծախսելու իր միլիոնը: Գումարի վերաբերյալ մեր հարցադրմանը «փոքրիկ ղարաբաղցու» պրոդյուսեր Լիրա Քոչարյանը ծիծաղելով արձագանքեց․ «Բոլորին հետաքրքրում է Միշայի միլիոնը, իրականում այդ գումարը դեռ չի հասել Միշային։ Սովորաբար նման դեպքերում, երբ գումարի տեսքով է մրցանակ է լինում՝ մի մասը թողնում ենք, որպես մեր «շտապ օգնություն»։ Դա մեր գումարն է, որը կարող է օգնության հասնել, երբ, օրինակ, երաժշտական նախագծերի հետ կապված վճարների անհրաժեշտություն լինի, կան դեպքեր, երբ գումար է պետք ինչ-որ շտապ հարցեր լուծելու համար։ Գումարի մյուս մասով, ինչպես ընդունված է «Արցախի ձայներ» թիմում, կպարգևատրվեն բոլոր այն մարդիկ, ովքեր օգնել և օգնում են Միշային։ Սա իրականում մեր խմբի հիմնավոր և ամենակարևոր սկզբունքներից մեկն է»։
Չնայած վերջին ամիսներին Միշայի զբաղվածությանն ու մի քանի նախագծում ներգրավված լինելուն՝ հանգստի մեկնելը նրա ծրագրերի մեջ դեռ չի մտնում։ Պատանի երգչի մասնակցությամբ նախագծերն ավարտվել են, սակայն պատրաստվում է նոր ստեղծագործություններ ներկայացնել։
«Նոր երգացանկի վրա ենք աշխատում և նախապատրաստվում ենք կարիերայում նոր փուլ սկսելուն։ Փորձելու ենք ռուսական դաշտում մեր հերթական քայլն անել։ Զուգահեռ ունենք նախագծեր արդեն «Արցախի ձայների» թիմով»,- ասաց պրոդյուսերը։
Մինչ Միշային՝ ռուսական մեկ այլ նախագծում տեսնելը, դեռ թարմ են նախորդի՝ «Ձայնը․ երեխաներ» շոուի տպավորությունները։ Նախագծի նման հանգուցալուծումը, ըստ պրոդյուսերի, սպասված էր։ Նա նկատեց, որ Միշան բոլոր մասնակիցների հետ պահում է լավ հարաբերություններ, իսկ իրեն նվիրված հատուկ ռեպորտաժում՝ մասնակիցներին արված հրավերն իր հայրենի Արցախ՝ ուժի մեջ է։
Ամբողջությամբ՝ life.tert.am