Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «1000 դրամ» նախաձեռնության վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե «գողացողը շան տղա ա», գրում է. «Սա ասվում է որպես չգողանալու երաշխիք: Հիանալի է, չէ՞: Բա մինչև հիմա գողացողն ի՞նչ էր: Հա, հանցագործ էր, շան տղա չէր: Հիմա արդեն հանցագործ չի լինի, շանտղություն կլինի: Այս գումարման ԱԺ գոհարներին դեռ շատ կկարոտենք: Այս նույն նիստին էլ պարզվեց, որ բանակից գողացված մթերքը «գողացված» չի եղել, ինչ որ մի ռոմանտիկ կոլեկցիայի համար վերցրել է:
Չե՞ք հավատում՝ դատարանին հարցրեք: Բանակի հանցագործ ռոմանտիկնե՞րը, թե՞ ռոմանտիկ հանցագործները ամեն առավոտ արթնանում են և ամաչում երեկվա արածի համար, և այսպես՝ ամեն օր:
Գողանում են ու ամաչում, ամաչում են ու գողանում… Բայց այս հազար դրամների դեպքում… ո՛չ, ո՛չ, ո՛չ… դա շանտղություն կլինի: Այստեղ արդեն ամաչել չկա»: