Գույքահարկը կբարձրանա. «Խոցելի է, որ նախագիծը տարածվելու է նաև մարզերի վրա». news.am
Advertisement 1000 x 90

Գույքահարկը կբարձրանա. «Խոցելի է, որ նախագիծը տարածվելու է նաև մարզերի վրա». news.am

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի (ՏԶՆԿ) կողմից հունիսի 13-ին Անի Պլազա հյուրանոցի «Դվին» սրահում իրականացվեց ասուլիս-քննարկում «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում պարզ դարձավ, որ գույքը կադաստրային արժեքի փոխարեն հարկվելու է վերջինիս շուկայական գնին մոտարկած արժեքով: Գույքահարկի մասին օրենքում առկա դրույքաչափերը ենթակա են լրամշակման՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Մեկ քառակուսի մետրի բազային միասնական արժեքն էլ ներկայումս գործող երկաթ-բետոնե շինությունների համար 230.000 դրամի և քարե շինությունների համար 255.000 դրամի փոխարեն դառնում է միասնական՝ 700.000 դրամ:

ՏԶՆԿ տնօրեն Մարինե Առաքելյանն իր խոսքում նշեց՝  հատկապես խոցելի է, որ այս նախագիծը տարածվելու է նաև մարզերի վրա, որտեղ բավական բարձր է աղքատության մակարդակը և ցանկացած նմանատիպ փոփոխություն լրացուցիչ հարկային բեռ է դնում առավել խոցելի խավի համար: «Չէ՞ որ Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023թ.-ն էապես նվազեցնել աղքատության մակարդակը: Միանգամայն արդարացված համարելով այս ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ այս ձևաչափով նախագծի ընդունումն անընդունելի կլինի հասարակության լայն շերտերի համար:  Հարց է նաև ծագում, թե ինչն է հիմք հանդիսացել մեկ քառակուսի մետր մակերեսի համար բազային, միասնական արժեքը սահմանել 700,000 ՀՀ դրամ»,- նշեց Մ. Առաքելյանը:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արայիկ Սահակյանի խոսքով,  ներկա պահին բարձրարժեք գույքը ոչ համաչափ է հարկվում ցածր արժեք ունեցող գույքից:  Օրինակ, եթե բարձր արժեքով գույքի շուկայական արժեքը կազմում է 330 մլն, իսկ հողի կադաստրային արժեքը 17 մլն,  հողի և գույքի վճարը միասին  կազմում է շուրջ 3 մլն դրամ, այժմ այդ գույքի արժեքը դառնալու է 2 մլրդ 840 մլն դրամ:

ՀՀ Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով եկամտային հարկի տոկոսադրույքների իջեցմանը, նշեց, որ այն ուղղված է ազգային տնտեսության մրցունակության և ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանը, քանի որ բոլոր տնտեսվարողները, տնտեսական գործունեություն ձեռնարկելիս, ձգտում են զբաղվել  ներմուծմամբ և վաճառքով, ոչ թե արտադրությամբ և արտահանմամբ: Իսկ այս օրինագիծը միտված է արտահանման ճյուղերի մրցունակության բարձրացմանը:

Տնտեսագետ Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ կենտրոնում՝ ոչ էլիտար շենքերում, կան բնակիչներ, որոնք այդտեղ են ապրում օրինակ դեռևս 1970-ականներից և հարուստ չեն համարվում, սակայն այս պարագայում նրանք ևս պետք է գույքահարկ վճարեն կենտրոնում սահմանված դրույքաչափով: Նրա խոսքով՝ գույքահարկի օրինագծի սխալ վերամշակման դեպքում առաջին հերթին կտուժի պետությունը, վերջինը չպետք է խնդիրներ ստեղծի բիզնես միջավայրի համար:

news.am