«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, չիմանալը՝ ուժ»
Advertisement 1000 x 90

«Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, չիմանալը՝ ուժ»

12 մտքեր Ջորջ Օրուելի «1984» վեպից

Ջորջ Օրուելը (իսկական անունը՝ Էրիկ Արթուր Բլէր) ականավոր բրիտանացի արձակագիր է, էսսեիստ ու հրապարակախոս։ Նա 20-րդ դարի ամենահայտնի հակաուտոպիական «1984» վեպի հեղինակն է։

Դեմոկրատական սոցիալիզմի կողմնակից և բռնապետության ցանկացած տեսակի հակառակորդ գրողն իր ստեղծագործություններում արտացոլել է տոտալիտար պետության, գերտերության բոլոր սարսափները, այն պետության, որը ծայրահեղ ագրեսիվ պրոպագանդա էր վարում, սահմանափակում մարդու ազատությունները և վերահսկում բնակչության կյանքի բոլոր ոլորտները։

Քանի որ գրքում շատ հղումներ են արվել ստալինյան Խորհրդային Միությանը, ԽՍՀՄ տարածքում վեպն արգելված էր մինչև 1980-ական թթ. վերջը։ Ի դեպ, ստալինյան Խորհրդային Միությունը նախկինում արդեն իսկ Օրուելի կողմից ծաղրվել էր նրա «Անասնաֆերմա» վեպում։

Ստորև ներկայացնենք 12 մտքեր այդ վեպից։

  • Եթե դու փոքրամասնություն ես և անգամ եզակի թվով, դա չի նշանակում, որ դու անխելք ես։ Կա ճիշտ ու սխալ, և եթե դու ճշտի կողմնակից ես, թեկուզ ի հեճուկս ողջ աշխարհի, դու անմիտ չես։
  • Պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, չիմանալը՝ ուժ։
  • Իշխանությունը միջոց չէ, այն նպատակ է։
  • Բռնապետություն չեն հաստատում, որ պահպանեն հեղափոխությունը։ Հեղափոխություն չեն անում, որ բռնապետություն հաստատեն։ Բռնադատումների նպատակը հենց բռնադատումներն են, կտտանքների նպատակը՝ կտտանքները, իշխանության նպատակը հենց իշխանություն ունենալն է։
  • Եթե ձեզ ապագայի կերպար է պետք, միշտ երևակայեք մարդու դեմքը տրորող կոշիկ։ Եվ հիշեք, որ դա հավերժ է։ Տրորելու դեմք միշտ էլ կգտնվի։ Միշտ կգտնվի հերետիկոս, հասարակության թշնամի, որ կրկին ու կրկին հաղթեին իրեն ու ստորացնեին։
  • Հիերարխիկ հասարակությունը հիմնված է միայն աղքատության ու տգիտության վրա։
  • Թե ինչ հայացքների են հարում զանգվածները և որոնց չեն հարում, էական չէ։ Նրանց կարելի է տալ ինտելեկտուալ ազատություն, քանի որ նրանք պարզապես ինտելեկտ չունեն։
  • Զանգվածները երբեք իրենք իրենց չեն ապստամբում և երբեք չեն ապստամբում միայն այն պատճառով, որ նրանք ճնշված են։ Ավելին, նրանք նույնիսկ չեն գիտակցում, որ ճնշված են, քանի դեռ նրանց համեմատելու հնարավորություն չեն տվել։
  • Երբ հայտնագործեցին տպագրությունը, հեշտացավ հասարակական կարծիքը կառավարելը։ Ռադիոն ու կինոն թույլ տվեցին այդ ուղղությամբ քայլ առաջ անել, իսկ հեռուստատեսային տեխնիկայի զարգացմամբ, երբ հնարավոր դարձավ հաղորդման ընդունումն ու փոխանցումը մի սարքով, մասնավոր կյանքի վերջը եկավ։
  • Իրենց ամբողջությամբ մարդիկ թույլ ու վախկոտ են, պատրաստ չեն ազատության ու վախենում են ճշմարտությունից, նշանակում է՝ պետք է, որ ինչ-որ ուժեղ մեկը նրանց ղեկավարի ու խաբի։
  • Կարգապահության առաջին ու պարզագույն աստիճանը, որը կարող են յուրացնել անգամ երեխաները, նոր լեզվում կոչվում է ինքնաարգելակում։ Դա նշանակում է՝ բնազդաբար կարողանալ կանգ առնել վտանգավոր մտքի շեմին։ Այս ցանկի մեջ մտնում են անալոգներ չտեսնելը, տրամաբանական սխալները չնկատելը, անգամ ամենապարզունակ փաստարկը ոչ ճիշտ մեկնաբանելը, եթե այն թշնամի է անգսոցին, ձանձրույթ զգալը և այլն։ Կարճ ասած՝ ինքնաարգելակում նշանակում է՝ փրկարար հիմարություն։
  • Եթե կուսակցությունը ձեռքը կարող է խոթել անցյալի մեջ ու ասել այս կամ այն իրադարձության մասին, թե այն իրականում երբեք էլ տեղի չի ունեցել, դա ավելի սարսափելի է, քան կտտանքն ու անգամ մահը։ Կուսակցությունն ասում է, որ Օվկիանիան երբեք դաշինք չի կնքել Եվրասիայի հետ։ Նա՝ Ուինսթոն Սմիթը, գիտի, որ Օվկիանիան Եվրասիայի հետ դաշինքի մեջ է եղել ընդամենը 4 տարի առաջ։ Բայց որտե՞ղ է պահվում այդ տեղեկատվությունը։ Միայն նրա մտքում, իսկ նա, այսպես թե այնպես, շուտով ոչնչացվելու է։ Եվ եթե բոլորն ընդունում են կուսակցության կողմից պարտադրվող սուտը, եթե բոլոր փաստաթղթերում միևնույն երգն է, այդ ժամանակ այդ սուտը տեղավորվում է պատմության էջերում ու դառնում ճշմարտություն։
  • – Քանի՞ մատ եմ ես ցույց տալիս, Ուինսթոն։

– Չորս։

– Իսկ եթե կուսակցությունն ասում է, որ 4 չեն, այլ 5, ուրեմն քանի՞ մատ եմ ես ցույց տալիս…

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը